Իրաքի անվտանգության մարմինները հայտնել են, որ Իրաքի Քրդստանում` Զահու հանգստավայրում, թուրքական ԶՈՒ-ի հրետակոծման հետեւանքով 9 արտասահմանցի զբոսաշրջիկ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա:
Հրետակոծության հետեւանքով եւս 26 մարդ է տուժել` հիմնականում զբոսաշրջիկներ արաբական երկրներից։
Իրաքյան լրատվամիջոցները հաղորդել են, որ հանգստավայրը գնդակոծվել է Թուրքիայի տարածքից։
Այս տարվա ապրիլից Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն են իրականացնում Իրաքի հյուսիսում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի շրջանակում։
Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ զինված հակամարտությունը սկսվել է 1984-ին եւ վերսկսվել 2015-ին: Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացնում։
Ավելի վաղ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտն արձագանքել է ապրիլի 17-ին Իրաքյան Քրդստանի դեմ Թուրքիայի զինված ուժերի սկսած ռազմական գործողությանը։
Դատապարտելով Թուրքիայի հյուսիսիրաքյան հարձակումը` Ղեյտը նշել է, որ դա ինչպես Իրաքի ինքնիշխանության, այնպես էլ միջազգային իրավունքի ոտնահարում է:
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հայտարարել է, որ թուրքական ուժերը կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը։ Տասնյակ իրաքցիներ հավաքվել են Բաղդադում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ բողոքելու հարձակման դեմ։
Պաշտոնական Անկարան հերքել է այդ մեղադրանքները։
Միացյալ Նահագները հայտարարել է, որ աջակցում է Իրաքի ինքնիշխանությանը: «Քաղաքացիների սպանությունն անընդունելի է. Բոլոր պետությունները պետք է հարգեն միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները՝ ներառյալ քաղաքացիական անձանց պաշտպանությունը», — շեշտել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: