«Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնը Հայաստանի երկրորդ քաղաքի գլխավոր հրապարակում էր մեկտեղել տեղի եւ ԱՊՀ երկրներից ժամանած ժողովրդական ստեղծագործության վարպետներին:
Փառատոնն անցկացվում էր 2022 թվականին հայտարարված ԱՊՀ ժողովրդական ստեղծագործության եւ մշակութային ժառանգության տարվա միջոցառումների շրջանակում:
Կազմակերպիչներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Գյումրու համայնքապետարանը եւ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը:
Վարդանանց հրապարակում կողք կողքի վեց տասնյակ տաղավարներում ներկայացված էին մշակութային եւ արհեստագործական կազմակերպությունների եւ անհատների ստեղծագործություններն ու արտադրատեսակները:
Գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության եւ այլ արհեստ-արվեստ ներկայացնող տաղավարն «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնինն էր: Սաներն ու մանկավարժները, բացի նմուշները ցուցադրելուց, վարպետության դասեր անցկացրին հետաքրքրված այցելուների հետ:
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Գյումրու կենտրոնի տաղավարում «ԿԱԶԱ Գյումրու հյուրատուն» սոցիալական ձեռնարկության տուրերն ու քվեսթներն էին ներկայացված:
Հիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Ավագյանն ասում է՝ հեղինակային տուրերը Գյումրին նորովի բացահայտելու հնարավորություն են: Կից ներկայացված էին նաեւ «ԿԱԶԱ»-ի կրթական խաղերը, որոնք ներդրվել են դպրոցներում ոչ ֆորմալ կրթական հիմքով: «Այս խաղերի միջոցով հնարավորություն ենք տալիս երեխաներին խաղարկային ձեւով ձեռք բերելու նոր հմտություններ»,- ասում է Լուսինեն:
«Երկանք» ընկերության ավանդական հայկական հացերը մայրաքաղաքում են արտադրվում: Տաթեւ Գրիգորյանը ընտանեկան բիզնեսի կողմնակից է, ասում է՝ թեկուզ քիչ, բայց սիրով են արտադրում:
Փառատոնի ընթացքում հյուրասիրում էր երկանքով աղացած էկոցորենի ալյուրից պատրաստված սեւ հացից՝ ծանոթացնելով թխման գաղտնիքներին:
Մինչեւ ուշ երեկո արհեստի եւ արվեստի քաղաքի կենտրոնում հնչեցին ազգային երգն ու պարը, լարախաղացն էլ հյուրերին զարմացրեց յուրօրինակ հնարքներով:
Որ Գյումրիին պետք են մասշտաբային միջոցառումներ, քաղաքում չեն հերքում, բայց որ համայնքային իշխանությունը քաղաքապետարանի պատուհանից երեւացող տարածքից անգամ մի քանի մետր հեռու չի տեսնում, վրդովեցնում է շատերին:
«Շիրակ» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանն ահազանգում է. «Քաղաքի կենտրոնական հրապարակը «գյուղամիջի» չի կարելի վերածել…»: Թումասյանը քաղաքի համաչափ զարգացման, զբոսաշրջությունն ամբողջ քաղաքում զարգացնելու խնդիրն է բարձրացնում: Ասում է՝ այդ մասին պետք է տեղական իշխանությունները մտածեն: Ըստ նրա՝ քանդված փողոցների համապատկերում կենտրոնական հրապարակը ամեն շաբաթ-կիրակի փակելը, վրաններով ու տաղավարներով, բեմերով ու «ավտոպրոբեգներով» զբաղեցնելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Քաղաքում բազմաթիվ այգիներ ու տարածքներ կան, որտեղ կարելի է նման փառատոներ անել: Մարդիկ էլ գոնե ծառերի տակ արեւից պատսպարվելու հնարավորություն կունենան:
Քաղաքական մեկնաբան, գյումրեցի Դերենիկ Մալխասյանը եւս համամիտ չէ տարածքի ընտրության հետ, ասում է՝ հրապարակի վրա են ֆիքսված, կարծես ուրիշ հարմար տեղեր չկան:
«Այդ հրապարակից 500 մետր վերեւ անտերության մատնված, քայքայվող «Հաղթանակի» զբոսայգին է, թող կարգի բերեն: Բայց դա անելու համար առնվազն քաղաքի զարգացման տեսլական ու պատկերացում պետք է ունենալ»։
Որ նման միջոցառումները քաղաքի այլ հատվածներ, առավել եւս ծայրամասեր տարվեն, գործարար Արտուշ Եղիազարյանն անհնար է համարում: «Կլիներ, եթե մաքուր ու ասֆալտապատ քաղաք ունենայինք: Ապակենտրոնացումը պետք է, որ քաղաքը համաչափ զարգանա»:
Միայն կենտրոնական հրապարակում միջոցառումներ անելն Արտուշ Եղիազարյանն «անարդյունավետ աշխատանքի արդյունք» է որակում: Ասում է՝գործ չեն անի, կանեն այն, ինչը հեշտ է: «Հրապարակը կա, ոստիկանությունը կփակի ու վերջ, էլ անելիք չկա: Իսկ այգին բարեկարգել, կոնցեպտ մշակել, էսքիզային նախագիծ անել… դա արդեն համակարգային աշխատանք է պահանջում: Միջոցառումներն ավելի զով, հաճելի միջավայրում անցկացնելը ցանկության դեպքում մեծ խնդիր չէ»:
Արտուշ Եղիազարյանը փառատոները հրապարակում անցկացնելուն բացարձակ վատ չի վերաբերվում, բայց ասում է՝ այլ հրապարակներ ու այգիներ էլ ունենք: Թվարկում է մի քանիսը. «Անենափրկչի դիմացի տարածքը, քաղաքային այգին եւ էլի շատ տեղեր: Դրանք պոտենցիալ են, որոնք զարգացնել է պետք»:
Նշենք, որ առաջիկա կիրակի զբոսաշրջիկները կրկին կենտրոնական հրապարակում են համախմբվելու՝ Վարդավառը տոնելու համար:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։