ԵՄ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը Եվրամիությանը պատրաստում է առանց ռուսական գազի ձմռանը։ «Մենք պատրաստվում ենք ձմռանը առանց ռուսական գազի»,- ասել է Բրետոնը:
Եվրոպական երկրները ներկայում փորձում են առավելագույն ծավալով լցնել գազապահեստարանները: «Գազպրոմ»-ն արդեն դադարեցրել է եվրոպական որոշ երկրների մատակարարումը: Եվրամիությունը մշակում է արտակարգ ծրագիր, որով նախատեսվում է մեկ ամսվա ընթացքում գազի սպառումը կրճատել 10-15 տոկոսով: Ուժի մեջ մտնելուց առաջ այդ ծրագիրը պետք է ստանա ԵՄ անդամ երկրների հավանությունը, քանի որ ամեն երկիր ինքն է պատասխանատվություն կրում իր էներգետիկ քաղաքականության համար:
Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Էրիկ Մամերը նախօրեին ասել է, որ Եվրահանձնաժողովը, ստեղծելով ձմռան պատրաստվածության ծրագիր, հենվում է իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարի, այսինքն «Գազպրոմից» գազի մատակարարումները դադարեցնելու ռիսկի վրա: Ընդ որում՝ նա հավելել է, որ ոչ ոք չգիտի` դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։
Եվրահանձնաժողովը հուլիսի 20-ին հայտարարել է գազի պահանջարկի կրճատման համակարգված միջոցներ կիրառելու մասին: Այն ենթադրում է սկզբում ԵՄ բոլոր անդամ պետությունների համար նվազեցնել գազի պահանջարկը 15 տոկոսով 2022-ի օգոստոսի 1-ից մինչև 2023-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ պետությունների հետ խորհրդակցություններից հետո կկարողանա նախազգուշացում հայտարարել, ինչը կնշանակի բոլոր պետությունների համար գազի պահանջարկի պարտադիր իջեցում: Այս մեխանիզմը կարող է գործարկվել Ռուսաստանից այս վառելիքի մատակարարումների լուրջ նվազեցման կամ ամբողջական դադարեցման դեպքում: