Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրքական TRT Haber հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը պետք է ցույց տա, որ տարածաշրջանում խաղաղություն է ուզում, եւ պետք է հստակ քայլեր անի այդ ուղղությամբ։
«Ասելը հերիք չէ։ Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, ներառյալ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի առնչությամբ։ Մենք անկեղծ ենք, ուզում ենք տեսնել, թե Հայաստանը որքանով է անկեղծ»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը, խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ համաձայնեցնելու մասին, հայտարարել է, թե Հայաստանն ու մյուսները չպետք է մոռանան, որ սա իրականում եռակողմ գործընթաց է եւ պետք է համաձայնեցվի Բաքվի հետ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ, երկու պետություն են։ Նա նշել է, որ իրենք ձգտում են խաղաղության ու կայունության, որը տարածաշրջանում բխում է բոլորի, ընդհուպ Հայաստանի շահերից։
«Եթե տարածաշրջանում խաղաղություն պիտի լինի, բոլորն այդ ուղղությամբ եռակողմ ձեւաչափով քայլեր պետք է անեն»,- շեշտել է Չավուշօղլուն։
Հարցազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարն այս անգամ օգտագործել է ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ «Զանգեզուրի նախագիծ» արտահայտությունը: Այս համատեքստում Չավուշօղլուն հայտարարել է, որ տարածաշրջանում միջանցքը շատ մեծ կարեւորություն է ձեռք բերել հիմա՝ հատկապես Ուկրաինայի ճգնաժամից հետո, քանի որ Ռուսաստանով դեպի արեւմուտք ապրանքաշրջանառությունն անհնար է։
Երեւանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր են ձեռնարկել 2021-ի դեկտեմբերին եւ երկուստեք հատուկ ներկայացուցիչներ են նշանակել: Թուրքիան բանագնաց է նշանակել Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը բանագնաց է նշանակել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ հայտարարվել է, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, այնուհետեւ՝ մայիսի 3-ին եւ հուլիսի 1-ին Վիեննայում։