ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտնել է, որ Հայաստանի 4 մարզերում նոր ձեւավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար մեքենաներ ձեռք բերելու նպատակով Կառավարությունը 3 միլիարդ 107 միլիոն դրամի պայմանագիր կկնքի ճապոնական «Տոյոտա» ընկերության հետ։
Ըստ ոստիկանապետի՝ պարեկային ծառայություններ կստեղծվեն նաեւ Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Կոտայքի մարզերում: Ղազարյանը նշել է, որ դեռեւս մայիսի 23-ին հայտարարվել էր մրցույթ «Toyota Fortuner» մեքենաների գնման համար, սակայն մասնակիցներ չլինելու պատճառով մրցույթը չեղարկվել է։
Դրանից հետո, ըստ ոստիկանապետի, հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան հարցումով պարզվել է, որ հայտարարված տեխնիկական բնութագրով ու քանակով, նախատեսված ժամկետում մեքենաներ ի վիճակի է տրամադրելու միայն ճապոնական «Տոյոտա» ընկերությունը նախատեսված գումարն ամբողջությամբ հատկացնելուց հետո։ Ավտոմեքենաշինական մյուս ընկերությունները հրաժարվել են։
«Բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 մեխանիկական փոխանցումատուփով մեքենա 15 միլիոն 900 հազար դրամով, ինչպես նաեւ 130 ավտոմատ տուփով մեքենա` 18 միլիոն 400 հազար դրամով»,– նշել է ՀՀ ոստիկանապետը:
Նախատեսվում է, որ մեքենաները ոստիկանությանը պետք է մատակարարվեն մինչեւ նոյեմբերի 15-ը։