ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների եւս 50 մասունք վերջին շրջանում ուղարկվել է Նիդերլանդներ` փորձաքննության։
Նախարարը նշել է, որ արդեն մեկ տարի է, ինչ համագործակցում են Նիդերլանդներում միջազգային փորձագիտական կենտրոնի հետ, որը մասնագիտական, նյութատեխնիկական եւ լրացուցիչ մեթոդներով փորձաքննություն իրականացնելու հնարավորություն է ընձեռում: Ըստ նրա՝ դատաբժշկական կենտրոնում կրկնակի եւ շարունակական փորձաքննություններ են արվում։
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում 2020-ի հոկտեմբերից մինչեւ 2022-ը նույնականացվել են բազմաթիվ անճանաչելիորեն փոփոխված, մասնահատված, կմախքացած, այրված աճյուններ եւ մասունքներ, որոնց արդյունքում պարզվել է անհայտ համարվող զինծառայողների դիակների եւ մասունքների ինքնությունը։
Ուղարկվել են դժվար փորձաքննության ենթարկվող մասունքները
«Ցավոք, ունեինք խիստ վնասված մասունքներ, որոնցից հնարավոր չէր լինում ԴՆԹ անջատել։ Նիդերլանդների այդ կենտրոն մասունքներն ուղարկվել են, որպեսզի լրացուցիչ փորձաքննություններ արվեն, ու հնարավոր լինի այդ շատ վնասված մասունքներից պատասխաններ ստանալ»,- հավելել է Ավանեսյանը։
Առողջապահության նախարարը նշել է, որ այս պահին ուղարկվել են այն մասունքները, որոնք, նախնական գնահատմամբ, դժվար է փորձաքննության ենթարկել, սակայն դեռեւս հնարավոր է դրանց հետ աշխատել։
Դեռ հուլիսի 14-ին որոշվել է պահուստային ֆոնդից 75 հազար դոլար (31 միլիոն 125 հազար դրամ) հատկացնել առողջապահության նախարարությանը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիակների եւ մասունքների եւ վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ-ի անջատման եւ գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու եւ նշված փորձաքննությունների դիմաց վճարելու համար:
Այդ պահի դրությամբ եւս 100 ոսկրային բարդ փորձանմուշ ուղարկվել է Նիդերլանդներ` ICMP կազմակերպությունում ԴՆԹ նույնականացում կատարելու նպատակով։ Ֆինանսավորումն իրականացրել է USAID-ը (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն):