ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հուլիսի 21-ին տեսակապի միջոցով զրուցել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ներկայացրել է ռուս-ուկրաինական սահմանով ՌԴ տարածք մուտք գործող հայազգի ընտանիքների խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ անձամբ հանձնակատարի կատարած ջանքերն ու տրամադրվող աջակցությունը։
ՀՀ ՄԻՊ-ը գործընկերոջը ներկայացրել է ՄԻՊ հաստատության ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ հետպատերազմյան շրջանում ռազմագերիների եւ գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ անհետ կորած անձանց ընտանիքների հետ հանդիպումների արդյունքները։
Պաշտպանը ՌԴ հանձնակատարի աջակցությունն է հայցել Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի ապահովմանն աջակցելու եւ անհետ կորած անձանց վերաբերյալ ընտանիքներին տեղեկություններ փոխանցելու հարցերում։
Կողմերը պայմանավորվել են հզորացնել գործող բազմակողմ համագործակցության հարթակները, ինչպես նաեւ մշակել առավել ընդլայնված համագործակցության նոր ձեւաչափ։