Հոլանդական Algemeen Dagblad պարբերականին տված հարցազրույցում Նիդերլանդների պաշտպանության նախարարության պետքարտուղար Քրիստոֆ վան դեր Մաթը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական տեխնիկայով աջակցելու հարցում Նիդերլանդները մոտեցել է իր հնարավորությունների սահմանագծին։
«Ուկրաինային աջակցելու անհրաժեշտություն ու ցանկություն կա, բայց մեր պահեստներն անսպառ չեն։ Կիեւի համար ավելի բարդ է դառնում անել այն, ինչը կուզեինք»,- ասել է պետքարտուղարը։
Ըստ նրա՝ Ուկրաինայի հակամարտությունն ուղղակիորեն առնչվում է Նիդերլանդների շահերին։ Վան դեր Մաթը հիշեցրել է, որ իր երկիրը Կիեւին 18 զրահապատ հաուբից է մատակարարել այն դեպքում, երբ Նիդերլանդներում ռազմական տեխնիկայի զգալի դեֆիցիտ կա:
Պետքարտուղարը համոզմունք է հայտնել, որ հարձակման ենթարկվելու դեպքում Նիդերլանդներն ընդամենը մի քանի օր ի վիճակի կլինի պաշտպանվելու:
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու համար։
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելով՝ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արեւմուտքի՝ Ուկրաինային զենքի մատակարարումը խանգարում է ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ բացասական ազդեցություն ունենում: