Նախօրեին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով առավել շատ քվե է ստացել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, որի օգտին 137 ձայն է տրվել, 113 ձայնով երկրորդ տեղում է արտգործնախարար Լիզ Թրասը: Առեւտրային քաղաքականության հարցերով կրտսեր նախարար Փեննի Մորդոնտը 105 քվե է ստացել եւ դուրս է մնացել հետագա պայքարից: Թրասն ու Սունակը մտել են Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնի համար պայքարի վերջին փուլ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը համարվում է վարչապետի պաշտոնի համար ներկուսակցական պայքարի ֆավորիտը: YouGov կազմակերպության վերջին հարցումների արդյունքներով Թրասը ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակից եզրափակիչ քվեարկության ժամանակ կարող է առաջ անցնել 19 տոկոսային կետով:
Մինչեւ արտգործնախարար նշանակվելը Թրասը նախարարական պաշտոններ է զբաղեցրել մի շարք այլ գերատեսչություններում, այդ թվում՝ առեւտրի, արդարադատության, եւ գանձապետարանում։ Հուլիսի 11-ին միանալով պահպանողականների առաջնորդի ու վարչապետի համար սկսված պայքարին` Թրասն ասել է, որ կնվազեցնի հարկերը եւ կպահպանի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
Լեյբորիստները պահանջում են, որ Ջոնսոնը անհապաղ լքի Դաունինգ-սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի նստավայրը
Ամառվա վերջին նախատեսված է համազգային քվեարկություն, որով կպարզվի պահպանողականների առաջնորդի եւ նոր վարչապետի անունը: Ընտրությունների եզրափակիչ փուլի քվեարկությանը պահպանողական կուսակցության բոլոր 160 հազար անդամները կմասնակցեն փոստով։ Արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին, երբ խորհրդարանը վերսկսի աշխատանքն ամառային արձակուրդից հետո:
Բրիտանական ավանդույթի համաձայն՝ իշխող կուսակցության առաջնորդ ընտրված գործիչը կզբաղեցնի նաեւ երկրի վարչապետի պաշտոնը։ Մինչ այդ կառավարության ղեկավարի պարտականությունները կշարունակի կատարել Բորիս Ջոնսոնը։
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, սակայն, առաջարկում է Համայնքների պալատում այսօր արդեն շրջանառության մեջ դնել Ջոնսոնի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։
Reuters-ի տեղեկություններով՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդները պահանջում են, որ Ջոնսոնը չշարունակի եւս երկու ամիս պաշտոնավարել՝ անհապաղ լքելով Դաունինգ-սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի նստավայրը։ Եթե խորհրդարանը հավանության արժանացնի լեյբորիստների նախաձեռնությունը, Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրություններ տեղի կունենան։