13-ամյա Սերյոժայի, 12-ամյա Հուսիկի եւ մարտիրոսցի մյուս երեխաների ամառային արձակուրդը կսկսվի օգոստոսից: Սահմանամերձ գյուղում խոտքաղ է: Աշակերտներն ազատ մի քանի ժամն անցկացնում են գյուղի փոքրիկ խաղահրապարակում. ո՛չ աշխատանքից են դժգոհում, ո՛չ օձերից են վախենում: «Բա մերոնց ո՞վ օգնի, մեզ համար ենք անում աշխատանքը, պիտի սիրենք»,- ասում է Սերյոժան:
Խաղահրապարակը մանկապարտեզի նախկին շենքի կողքին է: Գյուղի փոքրիկները հարեւան Զառիթափի մանկապարտեզն են հաճախում, Մարտիրոսինը վաղուց չի գործում: Երեխաները նաեւ սպորտի խմբակ կամ արվեստի դպրոց հաճախելու հնարավորություն չունեն: Վայք գնալու համար տաքսի է պետք, նվազագույն վճարն էլ՝ 2000 դրամ: Մարտիրոսում էլ, ինչպես շրջանի շատ գյուղերում, կանգառներ կան, երթուղայիններ՝ ոչ:
Ժամանակին դաշտերը որպես ցանքատարածություն են ծառայել, բայց ոռոգման ջրի պատճառով գյուղացիները սկսել են հիմնականում խոտի վաճառքով զբաղվել. առավել շահավետ է: Եկամտի մյուս աղբյուրն էլ խնձորի, ընկույզի վաճառքն է: Գյուղի միակ կոմբայնը 1970-ի արտադրության է եւ աշխատանքի 8 տարվա երաշխիքով: Շուրջ 50 տարի ծառայող տեխնիկան գյուղից հրաժարվել է, գյուղն իրենից՝ ոչ: Բերքի կեսից ավելին մնում է դաշտում, հաջորդ տարի նորից ծլում:
Վայք խոշորացված համայնքի ավտոպարկը Մարտիրոսում է, որն ամենաշատ ցանքատարածություններն ունի, բայց եղած տեխնիկան չի բավականացնում բոլոր գյուղերը սպասարկելու:
Բնակավայրի վարչական ղեկավար Խալաթ Սողոմոնյանն ասում է՝ դիմել է գյուղից հեռացած մի քանի գործարարների, առաջարկել Մարտիրոսում միրգ-բանջարեղենի վերամշակման արտադրամաս բացել. ե՛ւ բերքը կսպառվի, ե՛ւ աշխատատեղեր կստեղծվեն: Առաջարկի վերաբերյալ միակ գործնական քայլը այն լսելն է եղել:
Մարտիրոսցիներն էլ շուկա գնալ չեն սիրում, գյուղապետն ասում է՝ իրենց հին բնավորությունն է: Թեկուզ ավելի էժան գնով, բայց նախընտրում են վերավաճառողներին տալ:
Գյուղը երկու մասից է բաղկացած՝ հին ու նոր Մարտիրոսներ: 1970-ականներին սողանքների պատճառով բնակչությունը տեղափոխվել է մի քանի կիլոմետր ներքեւ: Այդ տարիներին էլ եղել է հիմնական արտագաղթը. ուղղությունները՝ Երեւան, Արմավիր, Արտաշատ ու երեւանամերձ այլ տարածքներ:
Մի քանի ընտանիքներ, սակայն, շարունակել են ապրել հին գյուղում: Հին ու նոր Մարտիրոսների միջեւ մոտ 3 կմ կիսաքանդ ճանապարհն է, որով միայն «բարձր» ավտոմեքենաներն են անցնում:
Սեդա Թորոսյանի ընտանիքն էլ հին գյուղի բնակիչներից է: 31 տարի ծառայում են Մարտիրոսի «Երկրորդ Երուսաղեմ» եկեղեցուն: Սեդայի թոռնուհուն ու հին գյուղում ապրող եւս մի քանի աշակերտների ծնողները հերթով ամեն առավոտ դպրոց են տանում. հնաբնակները նոր գյուղ տեղափոխվել չեն ուզում:
Մարտիրոսում 20-ից ավելի հուշակոթողներ կան, որ թվագրվում են տարբեր դարերի: Հին գյուղի կողքով է անցել նաեւ «Մետաքսի ճանապարհը»: Հյուրերը շատ են, բայց հյուրատուն չկա, սկզբնական ներդրման համար հնարավորություն չունեն:
Մեր այցելության պահին հին գյուղում հոլանդացի մի զույգ էր վայելում վայոցձորյան բնությունը: Զբոսաշրջիկները քայլելով շրջում են ամբողջ Հարավային Կովկասում, Հայաստանից հետո էլ Վրաստան են գնալու: Հայերի հյուրընկալությունից գոհ են, միայն թե որոշ ենթակառուցվածքներ այդքան էլ լավ չեն աշխատում:
Մարտիրոսում «հներ» ու «նորեր» բաժանում չեն անում, բայց, ի տարբերություն հին գյուղի, նորի ներքեւի թաղամասերում խմելու ջրի խնդիր կա: Մի քանի տասնամյակի հնության խողովակները մաշվել, ծակվել են, ջուրը տեղ չի հասնում:
Գոհար Ալեքսանյանի թոռնուհու ծննդյան օրն էր: Ափսեները հերթում սպասում էին, մինչեւ վերեւի թաղից դույլերով ջուր կբերեին: Թաղում մի երկու ժամով ջուր է գալիս Վարդուհու տանը: Երեկոներն այդ բակում մարդաշատ ու դույլաշատ են: Խոտքաղին չմասնակցող երեխաներն էլ ջուր հավաքելով են օգնում ծնողներին՝ չմոռանալով տեղն աղջիկներին զիջել: Գրետայից հետո հերթում Մհերն է, որ քրոջ ծննդյան ափսեները լվալու ջուր հասցնի:
Այսպես էլ հերթում սպասում են Մարտիրոսում. երեխաները՝ արձակուրդին, ափսեները՝ մաքրվելուն, բերքը՝ վաճառվելուն, ճանապարհը՝ նորոգվելուն, կոմբայնը՝ «վաստակած հանգստի անցնելուն», խողովակը՝ փոխարինվելուն, կանգառը՝ ավտոբուսի, գյուղը՝ հիշվելուն…
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: