ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հուլիսի 20-24-ն անցկացվող ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի հավաքականը հաջող մասնակցություն է ունեցել:
Հավաքականի կազմում ընդգրկված 4 ըմբիշներն էլ դարձել են մեդալակիրներ: Մրցաշարի հաղթողի տիտղոսը եւ ոսկե մեդալը նվաճել է 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Հայ ըմբիշը եզրափակիչում 3:2 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ:
Արծաթե մեդալակիր է դարձել 79 կգ քաշային Արման Ավագյանը: Եզրափակիչում մեր ըմբիշը 2:10 հաշվով զիջել է Ուկրաինայի ներկայացուցչին։
Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եւ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, դարձել են բրոնզե մեդալակիրներ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Ազատ ոճայիններից պայքարի պետք է դուրս գար նաեւ վնասվածքի պատճառով մրցաշարը բաց թողած 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը: 2019 եւ 2022 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2018-ի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին էլ աշխարհի առաջնությունից առաջ մարզիչները հանգստանալու հնարավորություն են տվել:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ)։
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանին եւս հանգստանալու հնարավորություն է տրվել: