Սերբիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ ջրային տնտեսության նախարարությունից հայտնել են, որ Սերբիայի կառավարությունը հանել է ցորենի արտահանման արգելքը եւ հաստատել բուսական յուղի արտահանման քվոտան։
Սերբիայի կառավարությունը հուլիսի սկզբին որոշել էր հայրենական արտադրողներից նոր բերքից 131 հազար տոննա ցորեն գնել եւ դնել այն պարենային պաշարում։
Գերատեսչությունից հայտնել են նաեւ, որ Սերբիայի կառավարության հուլիսի 21-ի նիստում որոշում է ընդունվել վերացնել ցորենի եւ եգիպտացորենի արտահանումն արգելող միջոցառումը։ Այս որոշումն ընդունվել է բերքահավաքից հետո ներկա իրավիճակի եւ ցորենի պաշարների վերլուծության արդյունքում։
Ազատ արտահանումն ուժի մեջ կմնա մինչեւ աշնան սկիզբը, երբ կգնահատվեն հիմնական հացահատիկի վիճակը եւ ընդհանուր պաշարները, կորոշվեն համապատասխան քայլերը:
Պարենային անվտանգության ապահովման նկատառումներով ավելի վաղ ցորենի եւ գարու արտահանման վրա արգելք դրած երկրներից են Վրաստանը, Բելառուսը, Ռուսաստանը: Հուլիսի 1-ից ցորենի եւ գարու, այդ թվում՝ ցորենի եւ գարու սերմացուների արտահանման արգելք է մտցվել նաեւ Արցախում:
Դեռ մայիսի վերջին գյուղատնտեսության հարցերն ուսումնասիրող «Սովեկոն» ընկերության կանխատեսմամբ աշխարհում ցորենի պաշարները 2022-2023 թվականների գյուղատնտեսական տարվա վերջի դրությամբ կբավականացնեն 18 շաբաթ։
«Սա զգալիորեն գերազանցում է 2007-2008 թվականների 11 շաբաթվա ռեկորդային ցածր ցուցանիշը»,- նշել էին վերլուծաբանները: