Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքել են Արագածոտնի մարզում թուրք զինվորականների հայտնվելու մասին լուրը։
«ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե թուրք զինծառայողներն ապօրինի հատել են պետական սահմանը եւ հակաիրավական գործողություններ կատարել Արագածավանի բնակիչների նկատմամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից եւ հավելել , որ ՀՀ պետական սահմանի պահպանության ծառայությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով:
Ավելի վաղ Արագածոտնի մարզպետարանից եւս հայտնել են, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը. Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Մարզպետարանից հորդորել են առանց տեղեկությունը պաշտոնապես ճշտելու իրականությանը չհամապատասխանող լուրեր չհրապարակել։
Ավելի վաղ հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Արագածավան գյուղ երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների իրենց անասուններով գերեվարել, իսկ որոշ ժամանակ անց, ռուսական կողմի միջնորդությամբ, սկզբում անասուններին են բաց թողել, ապա` հովիվներին: