ՌԴ նախարարների կաբինետը Telegram–ի պաշտոնական ալիքում գրառում է արել է օտարերկրյա, այսպես կոչված «ոչ բարեկամական պետությունների» ցանկն ընդլայնելու մասին:
«Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան եւ Սլովակիան ներառվել են ՌԴ-ի ու, մասնավորապես, արտերկրում գործող նրա դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկում»,– ասված է հաղորդագրության մեջ։
2021-ի մայիսին ՌԴ կառավարությունը սահմանափակումներ էր կիրառել ԱՄՆ-ի եւ Չեխիայի դիվանագիտական առաքելությունների նկատմամբ։ 2022-ի մարտին ՌԴ կառավարությունը հաստատել է նաեւ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող օտարերկրյա պետությունների եւ տարածքների ցանկը։
Մասնավորապես, ցանկում ներառվել էին Ավստրալիան, Ալբանիան, Անդորրան, Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Կանադան, Լիխտենշտեյնը, Միկրոնեզիան, Մոնակոն, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Կորեայի Հանրապետությունը, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թայվանը, Ուկրաինան, Չեռնոգորիան, Շվեյցարիան եւ Ճապոնիան:
ՌԴ-ի «ոչ բարեկամական պետություններ» հռչակված երկրների ցանկում են նաեւ Եվրամիության անդամներ Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Շվեդիան եւ Էստոնիան։