Գերմանիայի կառավարությունը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիային Սիրիայում ռազմական գործողություններ չսկսել։
«Մեր կարծիքով նման գործողությունը ոչ միայն կվատթարացնի տարածաշրջանի առանց այն էլ դժվար պայմանները այնտեղի բնակիչների համար, այլեւ Իսլամական պետությանը հնարավորություն կտա կրկին ուժեղանալու»,- մասնավորապես ասված է Գերմանիայի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ չնայած անվտանգության հիմնավոր մտահոգություններին՝ Թուրքիան պատասխանատվություն է կրում տարածաշրջանում անվտանգության վակուում չստեղծելու համար:
Վերջին շաբաթներին պաշտոնական Անկարան հաճախակիացրել է Սիրիայի հյուսիսում ներկայում քրդական վերահսկողության տակ գտնվող Մանբիջի ո Թել Ռֆաթի ուղղությամբ նոր ռազմագործողություն սկսելու վերաբերյալ հայտարարությունները:
Նախագահ Էրդողանը Իրանում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ նույնպես հայտնել է Թուրքիայի վճռականությունը նշված ռազմական գործողության վերաբերյալ: Սակայն Էրդողանը չի կարողացել այս հարցում ստանալ Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էբրահիմ Ռայիսիի աջակցությունը: