Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայությունը 2016 թվականի քառօրյա, ինչպես նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մարտական գործողություններին մասնակցած մի շարք զինծառայողների զինգրքույկներում համապատասխան նշում չի կատարում։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ շարունակում է զորակոչիկների, զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, իրազեկումը, նրանց խախտված իրավունքների վերականգնումը։
«Ահավասիկ, 2022-ի հունիսի 27-ին Ս․ Հ-ն եւ Է․ Հ-ն իրենց զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու մասին նշում կատարելու խնդրով դիմել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Վերջիններիս զինգրքույկներում համապատասխան նշում կատարելու վերաբերյալ Կազմակերպությունը դիմել է ՀՀ ՊՆ։
Ի պատասխան ՀՔԱՎ գրության՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022-ի հուլիսի 14-ին համապատասխան ցուցումներ է տվել իր ենթակայության տակ գտնվող տարբեր մարմինների, եւ ՀՔԱՎ-ի իրավական աջակցության շնորհիվ միայն նրանց զինգրքույկներում կկատարվեն համապատասխան գրառումները»,– ասված է հայտարարության մեջ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բազմիցս անդրադարձել է պատերազմին մասնակցած, շատ դեպքերում վիրավորում ստացած պարտադիր ժամկետային, պահեստազորային զինծառայողների, ինչպես նաեւ կամավորագրված անձանց զինվորական գրքույկներում սահմանված կարգով նախատեսված գրառումների բացակայության խնդրին։
Անմիջականորեն չեն մասնակցել մարտական գործողություններին, կատարել են մարտական հերթապահություն. ՊՆ
Ըստ ՀՔԱՎ գրասենյակի՝ խնդիրը հիմնականում լուծում է ստանում ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից համապատասխան հիմնավորումներ կամ գրություններ ներկայացնելուց հետո։
2016-ից մինչ օրս այս հարցով կազմակերպությանն է դիմել 21 զինծառայող։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրավական աջակցություն է ցուցաբերել վերջիններիս։ Կազմակերպության՝ ՀՀ ՊՆ-ին գրություններ ուղարկելուց հետո միայն մարտական գործողություններին մասնակցած 7 զինծառայողների զինգրքույկներում կատարել են համապատասխան գրառումները։ Մյուսների գործերը դեռ ընթացքի մեջ են։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հայտնել են, որ որոշ դեպքերում զինգրքույկներում նշում չի կատարվել, քանի որ պահպանված չեն եղել տվյալ ժամանակահատվածում մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստեր եւ հիմնավորումներ: Իսկ պաշտպանության նախարարությունը հիմնավորել է, որ նշված զինծառայողներն անմիջականորեն մարտական գործողություններին չեն մասնակցել, այլ իրականացրել են մարտական հերթապահություն։
Զորացրվել են առանց զինգրքույկներում համապատասխան նշումների
«Իրավասու մարմինների անբարեխիղճ գործելաոճի, զինծառայողների նկատմամբ պետության պարտավորությունների ոչ պատշաճ կատարման մասին է վկայում այն, որ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողի զինգրքույկում համապատասխան նշում կատարելու հարցը լուծվում է ոչ թե ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայությունում, այլ զինծառայողը ստիպված է դիմել իրավապաշտպան կազմակերպություններ, դատարան եւ այլն, անցնել տարբեր ընթացակարգերով, որ հարցը լուծվի։
Եվ թեեւ 2020-ի 44-օրյա պատերազմից անցել է արդեն 2 տարի, դեռեւս կան մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներ, որոնք զորացրվել են առանց զինգրքույկներում համապատասխան նշումների»,- նշված է հայտարարության մեջ։