ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ հանրապետությունում, հատկապես մարզերում նկատվում են առանց համարանիշների շահագործվող մեքենաներ: Դրանք, ըստ վարորդների, օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների համար։ Ոստիկանությունը, սակայն, հորդորում է, որ եթե մեքենան շահագործվում է, այն պետք է լինի հաշվառված եւ համարանիշ ունենա։
2021-ին ճանապարհային ոստիկանության մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում խոտանվել է 11685 տրանսպորտային միջոց, իսկ 2022 թվականի առաջին կիսամյակում մարզերում խոտանված փոխադրամիջոցների թիվը 4964 է։ Ոստիկանությունում դժվարացել են ասել՝ խոտանված այս մեքենաներից քանիսն են շահագործվում, բայց նշել են, որ դրանք վստահաբար շահագործվում են։
ՀՀ ոստիկանությունից հայտնել են նաեւ, որ առանց պետհամարանիշի մեքենաների մասնակցությամբ վթարները եւս քիչ չեն։
2021-ին մարզերում առանց պետհամարանիշի մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել 164 վթար, ինչի հետեւանքով 9 մարդ զոհվել է, 208-ը՝ վիրավորվել: Իսկ 2022-ի առաջին կիսամյակում տեղի է ունեցել 91 պատահար. 2 մարդ զոհվել է, 104-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Առանց պետհամարանիշի մեքենա վարելն անթույլատրելի է. ոստիկանություն
«Միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին շատերը նկատած կլինեն առանց համարանիշի մեքենայի, որի վարորդը թույլ է տալիս ճանապարհատրանսպորտային տարբեր կանոնների խախտումներ։ Եվ հիմնականում այդ մեքենաների լուսարձակներն ու թարթիչներն անսարք են»,- նշել են ոստիկանությունում։
Ոստիկանությունը հիշեցրել է, որ առանց հաշվառման համարանիշի մեքենան շահագործելը օրենքի խախտում է։ Այդպիսիք հայտնաբերելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը եւ պարեկային ծառայությունը մարզերում իրականացնում են միջոցառումներ։
Ոստիկանությունում զգուշացրել են, որ այսուհետ եւս լինելու են հետեւողական։ Առանց համարանիշի մեքենաները հայտնաբերվելու են եւ, անկախ ներկայացվող պատրվակից, տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածք, այդ փաստերով էլ կազմվելու են համապատասխան արձանագրություններ։
Ոստիկանությունը կոչ է անում հաշվառելու շահագործվող մեքենաները, ստանալ պետհամարանիշ եւ մեքենան վարել առանց խախտումների։ Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակի տակ խախտումներով, առանց պետհամարանիշի մեքենա վարելն անթույլատրելի է: