Թեհրանում Պուտին-Ռաիսի-Էրդողան գագաթնաժողովից հետո Թուրքիայի արտգործնախարարը հայ-թուրքական կարգավորումը վերստին պայմանավորել է Հայաստանի «առարկայական քայլերով» եւ մասնավորեցրել, որ խոսքը «Զանգեզուրի միջանցքի» եւ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» մասին է։
Կարելի է, ինչպես շատ փորձագետներ են անում, ամենատարբեր մտավարժանքների տրվել, թե ինչու է Անկարան «խստացնում տոնը»։ Գործնական քաղաքականության, այսպես ասած՝ «գետնի վրա» մեր դատողությունները որեւէ ազդեցություն չունեն։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո Հայաստանի դիմադրողականությունը նվազագույն է, ընտրության հնարավորությունը՝ առավել եւս։
Երբ Ռուսաստանի արտգործնախարարն ասում է, որ Ուկրաինայում «աշխարհագրություն է փոխվել», դա անուղղակի ազդակ է նաեւ հայ-ադրբեջանական «երկխոսությանը»՝ ուզո՞ւմ ենք մենք դա, թե՞ ոչ։ Եվ ոչ ոք պատասխանատու չէ, որ մենք ավելի քան քառորդ դար չենք կարողացել 1994-ի հրադադարի «աշխարհագրությունը» գնահատել։ Ավելի ճիշտ՝ չենք հասկացել, որ «աշխարհագրություն փոխում են» գերտերությունները։
Ես հիմա մեջբերելու եմ ԼՂ կարգավորման «փուլային տարբերակի»՝ ապաշրջափակումներին եւ հաղորդակցությունների բացմանը վերաբերող հատվածը․ «Ուժերի դուրսբերմանը զուգահեռ կողմերն անմիջապես միջոցներ են ձեռնարկում ճանապարհների, երկաթուղիների, էլեկտրահաղորդալարերի եւ կապի, առեւտրային եւ այլ հարաբերությունների բացման նպատակով, ներառյալ բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են թիվ 3 հավելվածում շարադրված գրաֆիկներին եւ որոշակի դրույթներին համապատասխան հնարավոր կարճագույն ժամկետներում վերոնշյալին հասնելու համար: Կողմերը երաշխավորում են այդ կապերի օգտագործումը բոլորի կողմից, ներառյալ էթնիկ փոքրամասնությունները` ապահովելով վերջինների հասանելիությունն իրենց էթնիկ խմբերին տարածաշրջանի այլ վայրերում: Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է հանել բոլոր շրջափակումները եւ ապահովել մարդկանց ու բեռների փոխադրումը բոլոր այլ կողմերի համար առանց խոչընդոտների: Կողմերը երաշխավորում են ազատ եւ անվտանգ երկաթուղային հաղորդակցություն իրար միջեւ»:
Այստեղ ոչ մի խոսք չկա ո՛չ Լաչինի միջանցքի, ո՛չ Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցության մասին։ Պայմանագրի նախագիծը ենթադրում էր, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը դուրս են բերվում Արցախին հարակից ադրբեջանական բոլոր տարածքներից՝ «բացառությամբ Լաչինի շրջանի»։ Հայաստան-Արցախ կապը, հաղորդակցությունը դրանով երաշխավորվելու էր, իսկ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կարող էր կապվել «անվտանգ երկաթուղային հաղորդակցմամբ» կամ «ճանապարհների բացման» միջոցով։
Հայաստանի Անվտանգության խորհրդի 1998 թվականի հունվարի 7-8-ի նիստում, որին մասնակցոում էր նաեւ ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարությունը, այդ պայմանագրի նախագիծը մերժվեց։ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ։ Ինչ են կողմերը քննարկել Քիուեսթում՝ փաստաթուղթը հրապարակված չէ։ Տարածված է տեսակետ, որ նախապես սեղանին է դրվել «տարածքների փոխանակման» տարբերակը։ Հայաստանը «հանձնում էր Մեղրիի շրջանը, փոխարենը ստանում նախկին ԼՂԻՄ-ի ոչ ամբողջական տարածքը՝ Լաչինի միջանցքով»։ Ավելի ուշ, ըստ որոշ աղբյուրների, առաջարկվել է «փոխանակել սուվերեն միջանցքներ»։
Ի վերջո ոչինչ չի ստացվել, բայց ահա Կազանի «աշխատանքային փաստաթղթում» կարդում ենք․ «Կողմերի միջեւ բաց եւ անարգել տրանսպորտային եւ հաղորդակցային կապերը խրախուսվում են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ եւ անարգել ցամաքային կապը Նախիջեւանի հետ, բոլոր սահմանների բացումը եւ հաղորդակցային ուղիների վերագործարկումը»։
Սա հրապարակված առաջին փաստաթուղթն է, որտեղ մասնավորեցվում է «Ադրբեջանի ուղիղ եւ անարգել ցամաքային կապը Նախիջեւանի հետ»։ Ուշադրություն, խոսքը Ադրբեջան-Նախիջեւան «ուղիղ կապի» մասին է, ինչից շատ պարզ հասկացվում է, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ պետք է «անարգել կապվի» միայն եւ միայն Սյունիքով։ Այլապես կգրվեր, որ Հայաստանը «երաշխավորում է Ադրբեջանի տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջեւանի հետ»։ Այսինքն՝ դա կարող էր լինել, ենթադրաբար, Կուբաթլու-Գորիս-Բիչենակ-Նախիջեւան ավտոճանապարհը, որ խորհրդային շրջանում գործել է։
Ադրբեջանը հրաժարվել է Կազանի «պայմանագիրը» ստորագրելուց՝ ներկայացնելով «շուրջ տասը նոր առաջարկություն»։ Ինչ են դրանք՝ հայտնի չէ։ Ո՛չ Ադրբեջանն է իր «առարկությունները» հրապարակել, ո՛չ Հայաստանն է երբեւէ հանրայնացրել, թե այդ «աշխատանքային փաստաթղթում» ինչն է Ադրբեջանն անընդունելի կամ փոփոխության ենթակա նկատել։ Փաստ է, որ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին դեպի Նախիջեւան տրամադրել «ուղիղ եւ անարգել ցամաքային կապ»։
Այսօր, իհարկե, կարող են ասել, որ դա «այնքան էլ այդպես չէր»։ Կամ «հիմնավորել», թե «մենք էլ փոխարենը ստանում էինք ԼՂ հանրաքվեի իրավունք»։ Բայց դա «պայմանական եղանակ» է։ Իրական բանակցային համատեքստն արձանագրել է, որ տեղաշրջանից պետք է դուրս բերվեն արդեն ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ «հայկական զինված ուժերը», կողմերը պետք է համաձայնեցնեն Լաչինի միջանցքի պարամետրերը եւ կարգավիճակը, իսկ Ադրբեջանը Նախիջեւանի հետ ստանա «ուղիղ եւ անարգել ցամաքային կապ»։
Քառասունչորսօրյա պատերազմը «աշխարհագրություն է փոխել», ձեւավորվել են նոր իրողություններ, եւ նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ սահմանվել է․ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մարմինները»:
Ըստ էության, այստեղ ոչ մի նորություն չկա։ Դա Ադրբեջան-Նախիջեւան «ուղիղ եւ անարգել ցամաքային կապ»՝ Կազանի «աշխատանքային փաստաթղթում» արված ձեւակերպման «փակագծերի բացումն» է։ Մի բան, որ բխում է քառասունչորսօրյա պատերազմի հետեւանքների «տրամաբանությունից»։ Եվ թե ինչ է ասել, ասում Իրանի Ռահբարը կամ ԱՄՆ ԿՀՎ տնօրենը, սկզբունքային նշանակություն չունի․ իրական քաղաքական ռեժիմում կա նոյեմբերի 9-ի Հայտարարություն, որը Ադրբեջանի համար երաշխավորում է «տրանսպորտային կապեր» դեպի Նախիջեւան, իսկ դրանց հսկողությունը վերապահում «ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մարմիններին»։
Եվ այս իրավիճակում «խաղեր տալ» չի ստացվելու։ Ինչպես չի ստացվել ԼՂ շուրջ ադրբեջանական տարածքներից հայկական զինուժի դուրսբերման «անվերջ հետաձգումը»։ Նոյեմբերի 9-ի Հայտարարությունը ֆորմալ հնարավորություն է տալիս, որ Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցությունը չլինի էքստերիտորիալ։ Փաստաթուղթը նաեւ «պատուհան ունի»՝ ճշտելու, թե որն է այնտեղ ամրագրված «Լեռնային Ղարաբաղը», որոնք են «Լեռնային Ղարաբաղում շփման գծի եւ Լաչինի միջանցքի» ֆիզիկա-աշխարհագրական պարամետրերը, եւ թերեւս ամենակարեւորը, ովքեր են «շփման գծի» կողմերը։
Հայ-ադրբեջանական բանակցություններում այլ թեմա չկա։ Ի վերջո, չի ստացվելու նաեւ հայ-թուրքական երկխոսությունը Հայաստան-Ադրբեջան «կարգավորոումից» առանձնացնելու ջանքը։ Եվ «ինչ-որ ժամանակ» չի վերակենդանանալու նաեւ «Միսկի գործընթացը»։ Դառն է, ցավոտ է, բայց փաստ։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։