Հասարակական-քաղաքական շրջանակներն առանձնահատուկ ոգեւորությամբ ընդունեցին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի վերջին հայտարարությունը Հայաստանի հետ սահմանի հնարավոր փակմանն ընդդիմանալու վերաբերյալ:
Թուրքիայի, ապա Ռուսաստանի նախագահների հետ հանդիպմանը Ալի Խամենեին հայտարարել էր, թե Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում եւ կընդդիմանա «Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու հնարավոր դավադրությանը»։
Առաջին հայացքից ականջահաճո այս հայտարարությունն իրականում լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Խնդիրը միայն այն չէ, որ Իրանի հոգեւոր առաջնորդը մինչեւ տարածաշրջանում իրենց կարմիր գծերի մասին հիշատակելը նաեւ նշել է, թե ուրախ են տեսնելու Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին: Այսինքն՝ պաշտոնական Թեհրանն, ըստ էության, սրանով եւս մեկ անգամ ընդունել է ոչ միայն 44-օրյա պատերազմի արդյունքը, այլեւ ավելին`Արցախի պատկանելիությունն Ադրբեջանին:
Կարեւոր է մեկ այլ հանգամանք։ Փաստը, որ Իրանի հոգեւոր առաջնորդը ե՛ւ Էրդողանի, ե՛ւ Պուտինի ներկայությամբ ընդգծում է հայ-իրանական սահմանը փակելու հնարավոր դավադրության մասին, նշանակում է՝ օրակարգում կա նման հարց, եւ այն լուրջ է դրված։
Խոսքը Սյունիքի մարզով անցնող ճանապարհի մասին է, որով պետք է ապահովվի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը: Այս մասին նշված է նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, համաձայն որի՝ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մարմինները:
Հիմա Իրանից կարմիր գծերի մասին հիշատակումները վկայում են՝ առաջիկայում հնարավոր են տհաճ անակնկալներ։ Ընդ որում՝ Իրանը հարկ է համարում բարձրաձայնել իր դիրքորոշումը ոչ միայն Էրդողանի, ապա՝ Պուտինի հետ հանդիպմանը, այլեւ առանձին թվիթերյան գրառմամբ:
Իհարկե, հավանական է՝ այս հայտարարության հիմքում շատ այլ գործոններ կան, մասնավորապես, պաշտոնական Թեհրանին դուր չեն գալիս տարածաշրջանում ռուս-թուրքական համաձայնությունները, ավելին՝ նա բավարարված չէ տարածաշրջանային այս գործընթացներում իրեն վերապահված դերից, եւ կարմիր գծերի մասին հայտարարությունները հենց այս համատեքստում են: Թեհրանը կարող է ունենալ նաեւ դժգոհության ավելի գլոբալ պատճառներ:
Ամեն դեպքում իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել:
Բայց այս ամենը «դժբախտության» կեսն է միայն։ Ողջ դժբախտությունն այն է, որ անմիջականորեն Հայաստանին, Հայաստանի սահմաններին եւ ինքնիշխանությանն առնչվող հարցը քննարկվում է առանց Հայաստանի մասնակցության: Այլ կերպ ասած՝ մեր երկիրը տարածաշրջանային բանակցությունների սեղանին վերածվել է օբյեկտի, որի վերաբերյալ որոշում ընդունում են ուրիշները: Պատահական չէ, որ վերջին հարցազրույցում հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ հիմա ավելի բարդ իրավիճակում ենք, քան 2020-ի նոյեմբերի 9-ից հետո:
Երեկ Կառավարության հերթական նիստն էր, եւ բնականաբար ոչ մի խոսք Հայաստանի շուրջ եւ Հայաստանի վերաբերյալ կատարվողի մասին. Նիկոլ Փաշինյանը ջանասիրաբար փորձում էր բացատրել, թե ինչու է Կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա» ընկերությունից 3,1 մլրդ դրամի գնում կատարում՝ պարեկային ծառայության համար ձեռք բերելով նոր մեքենաներ: Ավելին՝ նա երեկ մանրամասն քննարկում էր հարցը, թե ինչու են, օրինակ, մարզերում պարեկային ոստիկանների մեքենաները սեւ, իսկ Երեւանում՝ սպիտակ: Խոսում էր երեք մարզերում խմելու ջրի ենթակառուցվածքների նորոգման եւ կառուցման մասին: Խոսում էր ամեն ինչից՝ բացի ամենակարեւորից: Եվ սա արդեն երկար ժամանակ:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: