ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ ստորագրված Սեւ ծովի ափերից միջազգային շուկա հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը քայլ է դեպի ճիշտ ուղղություն։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հավելել է, որ համաձայնագրի արագ իրագործումն այժմ առաջնային նշանակություն ունի։
«Կոչ ենք անում, որ համաձայնագիրը շուտափույթ իրականացվի»,– շեշտել է Բորելն ու ողջունել ՄԱԿ-ի եւ Թուրքիայի ջանքերը համաձայնագրի ստորագրման հարցում։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել աջակցել ուկրաինական հացահատիկի արտահանմանը:
Համաձայնագրի ստորագրման մասին իր թվիթերյան գրառման մեջ նշել է նաեւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«Ողջունում եմ Ուկրաինայի հացահատիկի արտահանման համար Սեւ ծովի ապաշրջափակման մասին համաձայնագիրը։ Այս գործարքը օգուտ կբերի միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»,– ընդգծել է Շառլ Միշելը՝ նշելով, որ գլոբալ պարենային անվտանգությունն առաջնահերթություն է ԵՄ-ի համար։