Օդի աղտոտվածության հետեւանքով աշխարհում տարեկան մահանում է 7 միլիոն, ավտովթարներից՝ 1 միլիոն 300 հազար, հավելյալ քաշից՝ 2 միլիոն 800 հազար մարդ։ Այս տվյալները վերցրել ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարեկան զեկույցից: Նույն աղբյուրից տեղեկանում ենք նաեւ, որ տեռորիզմի հետեւանքով աշխարհում տարեկան 25 հազար մարդ է մահանում:
Օդի աղտոտվածության խնդիրտեսանելի չէ: Ուստի մասնագետներն այն «անտեսանելի մարդասպան» են անվանում:
Դեռեւս 2017 թվականին Երեւանի քաղաքապետարանը «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում բնապահպանական հիմնահարցերի թվում օդի աղտոտվածությունը դիտարկել է որպես առավել հրատապ մարտահրավեր: Փոշու տարեկան միջին կոնցենտրացիան այն ժամանակ 162 մկգ/խմ է եղել, ինչը նորմայից բարձր ցուցանիշ է: Օդում փոշու կոնցենտրացիայի սահմանաչափի օրական գերազանցումներ տարվա ընթացքում արձանագրվել են 43 օր:
«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնն» ուսումնասիրում է Երեւանի օդում ազոտի եւ ծծմբի երկօքսիդի, գետնամերձ օզոնի եւ փոշու քանակությունը:
Նախորդ երեք շաբաթների ընթացքում Երեւանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում, Շենգավիթում, Արաբկիրում եւ Նոր Նորքում։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանի տարածքում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում եւ Արաբկիրում՝ առանձին օրերի։
Դիտակետերը միայն Կենտրոնում, Շենգավիթում՝ Արշակունյաց պողոտայում, Արաբկիրում եւ Նոր Նորքի 3-րդ զանգվածում են: Այսինքն՝ քաղաքի այլ տարածքներում օդի աղտոտվածության վերաբերյալ համալիր եւ պարբերական տվյալներ չկան:
Հարավարեւմտյան թաղամասի բնակիչ Ռուզաննա Ղազարյանի պատուհանից այս տեսարանն է:
«Հատկապես երեկոյան ժամերին սարսափելի փոշի է բարձրանում, արդեն քանի տարի է: Ճանապարհ էին կառուցում, դեռ չեն ավարտել, հարեւանությամբ՝ բնակելի բարձրահարկ համալիր: Հիմա էլ մի նոր բնակելի թաղամասի համար են տարածքը փորել, ավազի բլուրներն էլ դե տեսնում եք»,- ասում է նա:
Փոշու բարձր պարունակության համար առաջնային աղբյուրը հողի մակերեւույթն է, որից փոշին բարձրանում ու տարածվում է քաղաքում քամու միջոցով: Փոշու աղբյուր են նաեւ անշարժ աղբյուրները (քիմիական արդյունաբերության օբյեկտներ, շինանյութերի եւ հանքարդյունահանման տարածքներ), ինչպես նաեւ տրանսպորտը:
«Կանաչապատումը՝ ճիշտ կանաչապատումը, խնդրի լուծման կարեւորագույն ճանապարհներից է»,- ասում է Երեւանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը: Մասնագիտությամբ նա բժիշկ է՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու:
Քրիստինե Վարդանյանն ուսումնասիրել է Երեւանի կանաչապատման պատմությունը: 1917 թվականին 14,9 հա կանաչ տարածք է ունեցել մայրաքաղաքը: 20-ականներից կանաչ տարածքն ընդլայնել են արհեստական տնկարկների եւ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ստեղծմամբ: 1957 թվականին ընդհանուր օգտագործման կանաչ գոտիների՝ այգիների, պուրակների, անտառպուրակների եւ զբոսայգիների մակերեսը 625 հա էր, որը մինչեւ 80-ականների վերջը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 1000 հեկտարի:
1990-ականներին կանաչ տարածքների գրեթե կեսի կորուստը բացասաբար անդրադարձավ կենսաբազմազանության վրա՝ հանգեցնելով բազում տեսակների կորստին: Կրկին ի հայտ եկան տարածքի բնական պայմաններին՝ կիսաանապատային լանդշաֆտին բնորոշ տեսակները՝ կարիճներ, օձեր: Կտրուկ տեսանելի դարձան դեռեւս Խորհրդային Միության տարիներից փոշու եւ ծանր մետաղներով աղտոտման հետեւանքները հողի վրա, մեծացավ ջրային ավազանի աղտոտվածությունը: Ներկայում Երեւանում շրջակա միջավայրի վրա մարդածին ճնշումը՝ գերկառուցապատման, արդյունաբերության, ավտոտրանսպորտի, այլ գործունեության միջոցով աղտոտումը, շատ ավելի բարձր է, քան խորհրդային տարիներին։ Սա ավելի է դժվարացնում առանց այն էլ սակավ կանաչ տարածքների պահպանությունն ու խնամքը։
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները նորմայի համաձայն պետք է կազմեն տարածքի առնվազն 20%-ը: Մենք ունենք 4%։ Այս իրավիճակն էլ բացասաբար է ազդում բնակչության առողջության վրա:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում օրեր առաջ տեղի ունեցած «Սթրեսոլոգիա» միջազգային գիտաժողովին զրուցակիցս այդ մասին հիմնավոր տվյալներ է ներկայացրել:
2002-2014 թվականների տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ Երեւանում չարորակ նորագոյացություններից մահացությունն ավելացել է 65%-ով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Քովիդ-19-ի հետեւանքով մահվան դեպքերն ավելի շատ են եղել այն տարածքներում, որտեղ օդի աղտոտվածությունն առավել բարձր է, հատկապես 2,5PM ու ավելի փոքր մասնիկների տարածվածությամբ։ Դրանք հեշտությամբ ներթափանցում են մարդու շնչառական համակարգ եւ ազդում մանկական մահացության վրա, առողջության լուրջ խնդիրներ առաջացնում հանրության շրջանում։
Քաղաքաբնակներին բնորոշ է նաեւ մշտական սթրեսը։ Սթրեսի ենթարկվում են գրեթե բոլոր միլիոնանոց քաղաքների բնակիչները, Երեւանը բացառություն չէ: Ուստի անհրաժեշտ է համապատասխան մեղմող գործողություններ ձեռնարկել:
2019-ին Երեւանում մասնագիտացված «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության (ՀՈԱԿ) ստեղծումը Քրիստինա Վարդանյանը չափազանց կարեւորում է ։ Մինչ այդ յուրաքանչյուր վարչական շրջան իր ճաշակով էր կատարում աշխատանքները․ չկային միասնական մոտեցում եւ ոլորտի կենտրոնացված կառավարում։
Սակայն համատարած կառուցապատումը էական խոչընդոտ է քաղաքի կանաչ զանգվածի համար։ Մյուս կողմից տարիներ շարունակ մեծ տեղ է տրվել ճմապատմանը՝ միամյա բույսերով սիզամարգերի ստեղծմանը։ Ներկայում էլ գերակշռում է այս մոտեցումը, որը ե՛ւ ծախսատար է, ե՛ւ անարդյունավետ։
«Ստվերային ծածկը բացակայում է, ինչը եւս անդրադառնում է բնակչության առողջության վրա: Մեզ սոսիների նման ծառեր են պետք, որ նաեւ ուտրամանուշակագույն ճառագայթումից են պաշտպանում, աղտոտման պայմաններում գոյատեւող: Ավելին՝ այնպիսի բուսատեսակներ է պետք ընտրել, որոնք դիմացկուն կլինեն տվյալ տարածքի բնակլիմայական պայմաններում, նաեւ կարող են դիմակայել ծանր մետաղներին, փոշուն եւ այլ աղտոտիչներին, կմաքրեն օդը,- ասաց նա։
Բոլոր ծրագրերը պետք է լինեն հիմնավորված: Ժամանակ չունենք, կոնկրետ գործողություններ են պետք»,- նշում է մասնագետը:
Հիմնական տունկը մայրաքաղաքում կատարվել է նախորդ դարի 30-60-ականններին: Հիմնականում արագաճ տեսակներ են տնկվել, որոնք, ըստ մասնագետի, արդեն կենսունակ տարիքը սպառում են: Հետեւապես տեսակային փոփոխություն է պետք, ինչը մասնագիտական լուրջ ռեսուրս պահանջող գործընթաց է:
«Կանաչ ֆոնդն էլ մարդու նման ծերանում է»,- պարզաբանում է զրուցակիցս:
Կանաչապատումը կարող է նվազեցնել նաեւ քաղաքի աղմուկը: Այն առաջնահերթ ազդում է մարդու նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով հավելյալ լարվածություն։ Օրինակ՝ Անգլիայում մասնագետներն ապացուցել են, որ աղմուկի մակարդակի 5 դեցիբել բարձրացումը կարող է հանգեցնել մահացության աճի 5%-ով։ Հետազոտությանը մասնակցել է 8 միլիոն 500 հազար մարդ։
Երեւանի Կենտրոն վարչական շրջանում աղմուկի քարտեզ են կազմել, որը ցույց է տալիս, որ աղմուկը տատանվում է 55-85 դեցիբելի սահմաններում, մինչդեռ մարդն իրեն հարմարավետ է զգում մինչեւ 50 դեցիբել աղմուկի դեպքում։
Բանուկ փողոցներում աղմուկի մակարդակը շատ ավելի բարձր է՝ 90-100 դեցիբել՝ կրկնակի բարձր թույլատրելի շեմից։ Մայրուղիներին զուգահեռ ապրողները կրկնակի ավելի են ունենում սրտանոթային համակարգի հիվանդություններ։ Այսպիսով՝ ամեն տարի ունենում ենք հավելյալ հիվանդներ, սրտանոթային հիվանդությունների ավելացում միայն աղմուկի պատճառով։ Պատահական չէ, որ հիգիենիկ պահանջ է դրված, որ երեկոյան աղմուկը չգերազանցի 45 դեցիբելը, հետեւապես սրճարանների, ժամանցի վայրերի հարեւանությամբ ապրողները պետք է զերծ լինեն հավելյալ աղմուկից երեկոյան ժամերին։ Սրան պետք է հետեւի նաեւ տեսչական մարմինը։ Բայց նաեւ ճիշտ կանաչապատման դեպքում աղմուկի մակարդակը կարելի է նվազեցնել առնվազն 8-15 դեցիբելով։
«Որպես լուծում տարբեր բարձրության թփեր են տնկվում, տարբեր բարձրության ծառեր: Շերտայնությունն ապահովում է, որ աղմուկի մասնիկները կլանվեն, եւ բնակիչները չզգան դրա բացասական ազդեցությունը: Օրինակ՝ Սարյանի պուրակում արվել է, բայց վերջերս տեսա, որ հեռացրել են ծաղկող թփերը: Մինչդեռ շերտավոր կանաչապատման նպատակն էր, որ փողոցին շատ մոտ այդ պուրակում հանգստացող բնակիչները հեռու լինեն փողոցի անցուդարձից»,- նշեց Քրիստինա Վարդանյանը:
Կանաչ տարածքների սակավությունն ու կարեւորությունը հատկապես տեսանելի է դառնում ամռան այս տապին, երբ առանց այն էլ կիսաանապատային գոտում գտնվող Երեւանում ձեւավորվում են ջերմային կղզիներ, քարերի տաքացման եւ զովացնող տարրերի բացակայության պայմաններում ջերմաստիճանը չի իջնում անգամ գիշերային ժամերին։
«Քաղաքը արհեստական համակարգ է, կանաչապատումը՝ բնությունից տրված նվեր-գործիք, որ այդ արհեստական միջավայրը դարձնենք այնպիսին, որ մարդն իր կենսագործունեությունը կարողանա ծավալել բարենպաստ միջավայրում»,- ասում է տիկին Վարդանյանը։
Երեւանի բնապահպանական քաղաքականության հիմնական նպատակը մայրաքաղաքի շրջակա բնական միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը եւ բարելավումն է հանուն քաղաքային առողջ միջավայրի եւ բնակչության բարեկեցության: Ըստ ԱՀԿ-ի՝ փոշու 2,5PM մեծության հատիկների տարեկան միջին կոնցենտրացիայով (2017-2021 թթ.) Երեւանն աշխարհի ամենաաղտոտված քաղաքների շարքում է:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։