Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն հայտարարել է, որ եթե «Հացահատիկային համաձայնության» շրջանակում նավահանգիստներն ապաշրջափակվեն, 60 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկն արտահանելու համար կպահանջվի մոտ 8-9 ամիս։ Իսկ եթե նավահանգիստներն այդպես էլ փակ մնան, այդ քանակն արտահանելու համար կպահանջվի մոտ 2 տարի։
Ըստ նրա՝ ներկայում Ուկրաինայում կա 20 միլիոն տոննա հացահատիկ արտահանման համար ու եւս 40 միլիոն տոննա նոր բերքից՝ ընդհանուր 10 միլիարդ դոլար արժեքով։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հացահատիկի խնդիրը լուծվելու է Ստամբուլում համակարգման կենտրոն ստեղծելու միջոցով։
«Երաշխավորվելու է, որ ուկրաինացիները կականազերծեն իրենց ջրային տարածքներն ու թույլ կտան նավերին դուրս գալ այնտեղից։ Իսկ բաց ծովով ընթանալու ճանապարհին Ռուսաստանն ու Թուրքիան իրենց ռազմածովային ուժերով կապահովեն դրանց անվտանգությունը»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը հավելել է, որ ռուսական հացահատիկի դուրսբերման առումով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պարտավորվել է վերացնել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կիրառած լոգիստիկ եւ ֆինանսական շղթաների սահմանափակումները։