Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել 1 մարդ:
Ըստ աղբյուրի՝ վիրավորը եղել է ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, այս պահին վիճակը բավարար է:
Ավելի վաղ GazeteKars գործակալությունը հայտնել է, որ հայ-թուրքական սահմանային գոտում, ավելի ստույգ՝ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում, ականազերծման աշխատանքներ են ընթանում, որոնք իրականացնում է իսրայելական մի ընկերություն:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը, պատասխանելով լրատվամիջոցների հարցմանը, հայտնել էր, որ հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի իրականացնում:
Անկարայի հատուկ բանագնացն այցելել է հայ-թուրքական սահման
Ըստ թուրքական GazeteKars գործակալության՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գծով թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը հուլիսի 24-ին այցելել է հայ-թուրքական սահման։
Թուրքիայի բանագնացը նախ ժամանել է Կարս, որտեղ այցելել է Ռազմական պատմության թանգարան։ Դրանից հետո դիվանագետն ուղեւորվել է հայ-թուրքական սահման՝ այցելելով Անիի ավերակներ եւ Հայաստանի հետ սահմանին գտնվող «Դողուքափը» անցակետ։
Այցելության ընթացքում Քըլըչը հանդիպել է նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ։
Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացները Վիեննայում չորրորդ հանդիպմանը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետում Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել։