Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հունաստանը վերջին շրջանում միտումնավոր խախտել է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները:
«Թուրքիան, վստահ քայլերով մոտենալով Թուրքիայի Հանրապետության ստեղծման եւ Լոզանի պայմանագրի ստորագրման 100-ամյակին, որը նշվելու է 2023 թվականին, շարունակում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային եւ գլոբալ հարցերում»,- ասել է Էրդողանը։
Նա հիշեցրել է, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը հնարավորություն է տվել գծելու Թուրքիայի ցամաքային սահմանները, երաշխավորել է Հունաստանում թուրք ազգային փոքրամասնության իրավունքները եւ հաստատել Թուրքիայի ափերի մոտ հունական կղզիների ապառազմականացված կարգավիճակը։
Թուրքիայի նախագահը հավելել է, որ Հունաստանը վերջերս միտումնավոր խախտել է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները, մասնավորապես՝ թուրք ազգային փոքրամասնության իրավունքների վերաբերյալ։ Նա զգուշացրել է, որ Թուրքիան չի կարող համակերպվել բարիդրացիության սկզբունքներին եւ համաձայնություններին հավատարիմ մնալուն հակասող իրավիճակի հետ։
«Անկարան վճռական է բոլոր ջանքերը գործադրելու՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ կայունություն հաստատելու, ինչպես նաեւ թուրք ժողովրդի իրավունքները ապահովելու համար»,- հայտարարել է Էրդողանը։