Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կասկածներ չունի Ուկրաինայի հետ հարցերի` ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորության վերաբերյալ, ընտրությունը Կիեւինն է:
«Ուկրաինայի իշխանությունը՝ նախագահից մինչեւ խորհրդականներ, անընդհատ կրկնում են, որ բանակցություններ չեն լինի, մինչեւ Ուկրաինան չհաղթի Ռուսաստանին»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Ուկրաինացիներին կոտրել չի հաջողվի. Զելենսկի
Հուլիսի 24-ի գիշերը հեռարձակված հերթական ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերստին համոզմունք է հայտնել, որ ուկրաինացիներին կոտրել չի հաջողվի, եւ որ Ռուսաստանը պատերազմում հաղթել չի կարողանալու։ Նա կոչ է արել չթուլանալու եւ անցած հինգ ամիսների պես ամեն օր անելու հնարավոր ամեն ինչ՝ հակառակորդին առավելագույն կորուստներ պատճառելու եւ Ուկրաինայի համար առավելագույն միջազգային աջակցությունն ապահովելու համար:
«Նույնիսկ զավթիչներն են վստահ, որ մենք հաղթելու ենք։ Մենք դա անընդհատ լսում ենք նրանց խոսակցություններում, դա այն է, ինչ նրանք ասում են հարազատների հետ հեռախոսազրույցների ժամանակ»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը։
Բրիտանական լրատվամիջոցները չեն ասում ամբողջ ճշմարտությունը. Times
Ըստ բրիտանական The Times պարբերականի՝ բրիտանական զանգվածային լրատվամիջոցներն ընթերցողին տեղեկացնում են Ուկրաինայի բանակի ցանկացած նվազագույն հաղթանակի մասին՝ շատ ավելի քիչ ուշադրություն նվիրելով ռուսական զորքերի հաջողություններին:
Ըստ պարբերականի մեկնաբան Ռոդ Լիդլի՝ ցանկացած հայտարարություն ուկրաինական կողմից, որքան էլ զառանցական լինի, հալած յուղի տեղ է ընդունվում, ներառյալ սպանված զինվորների երկուստեք գնահատականները:
«Ուկրաինացիների ամենափոքրիկ հաղթանակները ստանում են վիթխարի լուսաբանում, ռուսների զգալի հաջողությունները՝ մի տեսակ ավելի քիչ»,- գրել է մեկնաբանը եւ հավելել, որ բրիտանացի ընթերցողներին չեն ասում ամբողջ ճշմարտությունն Ուկրաինայի հակամարտության մասին: