Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի՝ Ջիդայում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնին հավաստիացրել է, որ մտադիր են շարունակել իրանական կողմի հետ ուղիղ բանակցությունները։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանին հայտարարել է, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ Իրաքի կառավարության հովանու ներքո անցկացվող բանակցությունների հինգ փուլերն էլ գերազանց են եւ հուսադրող արդյունքներ են տվել։
Ջիդայում հանդիպումից հետո Իրաքի արտգործնախարարը կապ է հաստատել Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի հետ։
«Ֆուադ Հուսեյնն այդ զրույցի ընթացքում նշել է, որ բեն Սալմանը ցանկություն է հայտնել Իրաքում քաղաքական եւ պաշտոնական երկխոսություն անցկացնելու Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ»,- նշել է Կանանին:
Թեհրանի եւ Էր Ռիյադի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2016-ին Իրանում Սաուդյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումից հետո։
Ակցիայի մասնակիցները բողոքում էին հայտնի շիա աստվածաբան Նիմր ան Նիմրի մահապատժի դեմ։ Սակայն վերջին ամիսներին երկու կողմերը տարաձայնությունները կարգավորելու ցանկություն են հայտնել:
Ավելի վաղ Atlantic պարբերականին տված հարցազրույցում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել էր, որ Իրանի հետ՝ որպես հարեւան երկրի, պետք է հարաբերություններ կառուցել:
2021-ին Սաուդյան Արաբիան եւ Իրանը Բաղդադում անցկացրել են խզված հարաբերությունների կարգավորման եւ տարաձայնությունների հարթման բանակցությունների չորս փուլ:
Ուշագրավ փաստեր
Սաուդյան Արաբիան Միջին Արեւելքի ինքնիշխան ամենամեծ պետությունն է՝ 2 միլիոն150 հազար քառ. կմ տարածքով, իսկ Արաբական աշխարհում Ալժիրից հետո՝ երկրորդ ամենամեծ պետությունը, Ասիայում՝ 5-րդը, աշխարհում՝ 12-րդը։
ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ ամենախոշոր նավթարդյունահանող եւ աշխարհի ամենամեծ նավթ արտահանող երկիրն է: 2010-2014 թվականների ընթացքում Սաուդյան Արաբիան աշխարհում երկրորդ ամենաշատ զենք ներկրող պետությունն էր:
Սաուդյան Արաբիայի բնակչության մեծամասնությունը երիտասարդներ են. շուրջ 34 միլիոն բնակչության 50%-ը մինչեւ 25 տարեկաններն են։