ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնել են, որ հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, դրանց թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը։
Դրանով սահմանվում են «ակցիա» հասկացությունը եւ դրա տեսակները, ինչպես նաեւ «զեղչ» հասկացությունն ու կիրառման պայմանները։
Տնտեսվարողը պարտավոր է զեղչի մասին հստակ տեղեկացնել մինչ այդ գործող գինը
«Կարեւոր է ընդգծել նաեւ, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության։ Այդ դեպքում մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարող է նշանակել տուգանք տնտեսվարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ հինգ տոկոսի չափով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ըստ նախագծի` տնտեսվարողը պարտավոր է զեղչի մասին հստակ տեղեկացնել` նշելով ոչ միայն նվազման տոկոսային արտահայտությունը, այլեւ մինչ այդ գործող գինը, հակառակ դեպքում գնի իջեցումը զեղչ կամ ակցիա չի համարվում։ Զեղչը չի կարող գործել 3 ամսից ավելի:
Բացի դրանից՝ տնտեսվարողը պարտավոր է ակցիայի եւ գնային տարբերությունների մասին տեղեկությունը հրապարակել ակցիային նախորդող 1 ամսվա ընթացքում եւ այն պահպանել ակցիայի ամբողջ ընթացքում։ Ակցիայի շրջանակում տնտեսվարողն օրենքով իրավունք կունենա առաջարկվող գնի դիմաց լրացուցիչ ապրանք, ծառայություն, փաթեթ առաջարկելու, որի ընդհանուր գինն ավելի ցածր է, քան դրա առանձին բաղադրիչների գների հանրագումարը: