ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ ռուս քննիչները քրեական գործ են հարուցել Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 220 զինվորականների դեմ, որոնք, ըստ նրա, առնչություն ունեն Դոնեցկում եւ Լուգանսկում «Խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների» հետ։
Ռուսաստանն Ուկրաինայի այս երկու շրջանը ճանաչել է որպես անկախ հանրապետություններ։
Բաստրիկինը հայտարարել է, որ 92 հրամանատարի եւ նրանց ենթակաների արդեն մեղադրանք է առաջադրվել, իսկ 96 մարդ հետախուզվում է, նրանց թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների 51 հրամանատար: ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը հավելել է, որ ավելի քան 1300 գործ է հարուցվել ուկրաինական ռազմական եւ քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների եւ «արմատական ազգայնական խմբավորումների» դեմ։
Ըստ Բաստրիկինի՝ Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, Կանադայի, Նիդերլանդների եւ Վրաստանի քաղաքացի «վարձկանների» դեմ քրեական գործեր են հարուցվել «Ուկրաինայի տարածքում հանցավոր արարքների» մեղադրանքով։ Բաստրիկինը հետապնդվողների որոշակի թիվն ու ինքնությունը չի նշել:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունն իր հերթին հետաքննում է Ուկրաինայի տարածքում ռուս զինվորականների կատարած ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ոճրագործությունների հազարավոր գործեր։ Հետաքննությունը վարում է նաեւ Միջազգային քրեական դատարանի դատախազությունը։
Մասնավորապես, 2022-ի փետրվարի 24-ից մինչեւ հուլիսի 3-ը ներառյալ Ուկրաինայի գլխավոր դատախազությունն արձանագրել է պատերազմին առնչվող 31 հազար 321 հանցագործություն։ Դրանցից 20 հազար 940-ը որակվել է իբրեւ ռազմական հանցագործություն, 10 հազար 381-ը՝ Ուկրաինայի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն։