Թուրքական TRT հեռուստաընկերության եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Հայաստանի հետ կարգավորման գործընթացում լուրջ է տրամադրված։
Նա հավելել է, որ ի սկզբանե Թուրքիայի կարմիր գիծն Ադրբեջանն էր: Անկարան, ըստ Էրդողանի, սպասել է, որ Ադրբեջանի հարցը սկսի լուծվել, եւ Թուրքիան իր դռները կբացի։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ խոսքից բացի Անկարայում սպասում են Հայաստանի հստակ քայլերին: Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման գործընթացում լուրջ է տրամադրված:
«Ի վերջո մեր երկրում 100 հազար հայ է ապրում, կան Թուրքիայի քաղաքացի հայեր, քաղաքացու կարգավիճակ ունեցողներ: Սա այս գործընթացին մեր մոտեցումն է ցույց տալիս: Մենք Հայաստանի հետ մեր մոտեցումը մշակում ենք Ադրբեջանի հետ համակարգված կերպով»,- ընդգծել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի քարտուղարն էր մեկնաբանել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Օմեր Չելիքը հայտարարել էր, որ գործընթացի հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք Հայաստանը կպահի իր խոսքը։
«Նախկինում որոշ պետություններ սաբոտաժի էին ենթարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, որպեսզի հայկական սփյուռքն իրենց վերահսկողությունից դուրս չգա»,- ասել էր կուսակցական պաշտոնյան: