Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կվերսկսվի առաջիկա օրերին: ՄԱԿ-ը միաժամանակ դատապարտել է պարենի մատակարարումները վերսկսելու պայմանավորվածությունից ժամեր անց Օդեսա նավահանգստային քաղաքին հասցված ռուսական կողմի հարվածը:
ՄԱԿ-ի խոսնակ Ֆարհան Հաքը հայտնել է, որ հացահատիկը կարտահանվի Օդեսայից եւ Սեւ ծովի երկու այլ նավահանգիստներից։ Նա հավելել է, որ նախ պետք է համոզվել, որ նավերի անվտանգ տեղաշարժի համար ստեղծված են բոլոր պայմանները։
Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ստամբուլում ստորագրված հացահատիկի արտահանման համաձայնագրերում Մոսկվային ոչինչ չի խանգարում շարունակելու «հատուկ ռազմական գործողությունը»՝ ոչնչացնելով ռազմական ենթակառուցվածքներն ու այլ ռազմական օբյեկտները։ Մոսկվան ընդգծել է, որ իր հրթիռային հարվածները Օդեսայի ռազմական օբյեկտներին չպետք է ազդեն հացահատիկի արտահանումը վերսկսելու համաձայնագրի վրա:
Սպիտակ տունն իր հերթին շեշտել է, որ հարձակումը կասկածի տակ է դնում համաձայնագրին հավատարիմ մնալու Կրեմլի մտադրությունները:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պնդել է, որ հարվածները չեն ազդել հացահատիկի արտահանման համար օգտագործվող ենթակառուցվածքների վրա: