Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ հուլիսի 15-ից հետո Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիների բնակեցման հարցը լուծելու համար պետությունը կտրամադրի 6 միլիոն 300 հազար լարի (մոտ 2 միլիոն դոլար)։
Վրաստանի առողջապահության նախարարությանը կից սոցիալական ծառայության գործակալության հատկացրած գումարը սահմանված է հուլիսի 15-ից հետո հայրենիքը պատերազմի պատճառով լքած եւ Վրաստան մտած ուկրաինացիներին։ Ըստ այդմ՝ ծրագիրը չի վերաբերում մինչեւ հուլիսի 15-ը հանրապետություն մուտք գործած քաղաքացիներին, եւ նրանք օգոստոսի 1-ից ստիպված կլինեն լքել պետության հատկացրած հյուրանոցները։
Դեռեւս պարզ չէ՝ գործակալությունն ի՞նքն է ֆինանսավորելու հյուրանոցների վճարը, թե՞ քաղաքացիներին կհատկացնի վարձավճարի չափը։
Այդ նպատակով բյուջեից, ընդհանուր առմամբ, ծախսվել է 11 միլիոն լարի (շուրջ 3 միլիոն 666 հազար դոլար), իսկ մինչեւ ամսվա վերջը գումարը կհասնի մոտավորապես 14 միլիոն լարիի (շուրջ 4 միլիոն 666 հազար դոլար)։
Ըստ Վրաստանի կառավարության 2022-ի հուլիսի 13-ի որոշման՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիներն այս տարվա հուլիսի 15-ից կստանան ֆինանսական օգնություն մեկ ընտանիքի համար՝ 300 լարի (մոտ 100 դոլար) եւ յուրաքանչյուր անձի համար՝ եւս 45 լարի (մոտ 15 դոլար):
Բացի դրանից՝ Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ միջազգային կազմակերպությունները՝ World Vision-ը եւ UNHCR-ը, դիտարկում են մեկ անձի համար 235 լարիի (մոտ 78 դոլար) օգնության փաթեթը։