Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը մեծ ճկունություն է ցուցաբերել միջուկային բանակցություններում, այնպես որ այժմ քաղաքական որոշում ընդունելու հերթը Միացյալ Նահանգներինն է:
«Մեր ցանկությունն ուժեղ ու կայուն համաձայնագիր ունենալն է: Թեհրանը շատ նախաձեռնություններով է հանդես եկել, ուստի եթե ամերիկյան կողմը կառուցողական եւ դրական գործի, լավ ու կայուն համաձայնության հասնելը սարերի հետեւում չէ»,- շեշտել է Քանանին:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Իրանի եւ Ֆրանսիայի նախագահները վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջուկային գործարքի վերաբերյալ հարցեր: Ըստ նրա՝ Ֆրանսիան, ընդհանուր առմամբ, ցանկանում է դրական դեր խաղալ բանակցային գործընթացում:
Անդրադառնալով Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությանը՝ ԱԳՆ խոսնակը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը. Թեհրանը դեմ է ցանկացած խնդրում ռազմական եւ ուժային լուծումների եւ կարծում է, որ վեճերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով:
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները ենթադրում են, որ Թեհրանն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին: