Անկեղծ լինենք՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, որ կյանքը Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիների չափ վատ չլինի, չէ՞։ Ովքե՞ր էին նախկինները՝ թալանչիներ, կոռումպացվածներ, հարստահարողներ։
Փաշինյանը չէր ասում, չէ՞, իշխանությունը վերցնենք Սերժ Սարգսյանից, որ Ղարաբաղը չծախի։ Ընդհակառակը, Սերժ Սարգսյանն էր ասում՝ Նիկոլին իշխանությունը պետք է, որ Ղարաբաղը ծախի։
Քաղաքականությունից չհասկացողի համար Սերժ Սարգսյանը ճիշտ է՝ Ղարաբաղը «ծախվեց»։ Բայց այդ նույն քաղաքականությունից չհասկացողը կպնդի՞, որ Փաշինյանի իշխանության այս ավելի քան չորս տարիների ընթացքում իշխանությունից վերացան թալանչիները, կոռումպացվածները եւ հարստահարողները։ Ես պնդում եմ, որ վերացան։
Բայց вот курьёз, ինչպես ասում էր Բուլգակովի ամենահռչակավոր հերոսը՝ Վոլանդը։ Այս չորս տարիներին մեր կյանքը ավելի վատացավ։ Курьёз-ը սրվում է այն փաստից, երբ հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ոնց որ թե թալանչիներ, կոռումպացվածներ եւ հարստահարողներ չեն եղել, համենայնդեպս, քրեական գործերից ու բյուջեի աղքատությունից դատելով, նրանք այնքան շատ չէին, որ մարդիկ հեղափոխություն անեին։
Ի՞նչ է պարզվում։ Պարզվում է շատ ավելի սովորական մի բան։ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք թալանչիներ, կոռումպացվածներ եւ հարստահարողներ եղել են, այն էլ ինչքա՜ն են եղել։ Պարզապես Հայաստանի մարտահրավերներն են փոխվել, թալանչիներով, կոռումպացվածներով եւ հարստահարողներով զբաղվելու ժամանակը չէ։ Էկոնոմիկայի նախարարը ամեն շաբաթ տնտեսական հրաշքներից է խոսում եւ իսկապես ներկայացնում է կոնկրետ թվեր։ Ըստ այդ թվերի՝ մենք տարածաշրջանի տնտեսական փիղն ենք։
Բայց, ընկերներ, курьёз-ը курьёз չի լինի, եթե ունենա բացատրություն։ Իսկ մենք, այնուամենայնիվ, կփորձենք։ Այնպես, ինչպես Հայաստանում կյանքն է թանկացել, իսկ դոլարն ու եվրոն՝ էժանացել, մեր ֆինանսական հոսքերն ուղղակի թղթերով կհամարվեն մոլորակի արեւելյան կիսագնդի ամենատպավորիչ հոսքերը։ Կյանքի թանկացման պատճառով բյուջեն տեղը տեղին կլցվի նույնիսկ տնտեսական անարխիայի պայմաններում, եփած հավն էլ իշխանության լիներ, այսպիսի ցուցանիշներ կարձանագրեր։
Իսկ հեղափոխությունն արդյո՞ք այն բանի համար էր արվել, որ եփած հավի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ տարբերությունը վերանա։ Թող առաջինն ինձ վրա քար նետի նա, ով հենց դրա համար արեց հեղափոխությունը։ Իսկ թե ինչու այս ամենը սոցիալական ընդվզման պատճառ չի դառնում, դա քաղաքական մեկնաբանների եւ սոցիոլոգների թեման է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: