ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հուլիսի 27-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաեւ ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բոլոր մակարդակներում աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ շարունակելով առաջարկել ամերիկյան կողմի աջակցությունը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ պետքարտուղարի՝ օրերս ունեցած հեռախոսազրույցները, որոնց ժամանակ վերահաստատվել է կողմերի միջեւ առկա գործընթացին աջակցելու պատրաստակամությունը, նշանակում է, որ Միացյալ Նահանգների արած նախկին նման առաջարկները մերժվել էին:
Փրայսը հերքել է դա՝ ասելով, որ ԱՄՆ-ը կարողացել է հասնել որոշակի առաջընթացի, եւ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ շարունակական շփումների ու դիվանագիտական բանակցությունների միջոցով գործընթացը կշարունակվի:
Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահն ամեն օր վատաբանում է Պետդեպի հայտարարություններում հիշատակվող միջնորդ մարմնի՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը, Փրայսը հակադարձել է:
Պետդեպի խոսնակը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հստակ հայտարարել է, որ պատրաստ է աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին ու համախոհ գործընկերներին ցանկացած տարբերակով կամ ձեւաչափով, որն արդյունավետ կլինի:
«Մենք 1994 թվականից Մինսկի խմբի համանախագահ ենք, բայց ինչպես արդեն ցույց ենք տվել, նաեւ ցանկանում ենք երկրների հետ ներգրավվել երկկողմ ձեւաչափով՝ օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին գտնելու երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»,- ընդգծել է Փրայսը: