2019-ից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար օրենքով քրեական պատիժ է սահմանվել: Թեեւ օրենքի ընդունումից հետո կա ակնհայտ առաջխաղացում, թափառող կենդանիների նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունքի դեպքերը չեն նվազում:
Մեկ ամիս առաջ Երվանդ Քոչարի 27 հասցեում բակի սիրելի շներից մեկի դաժան սպանությունը ոտքի էր կանգնեցրել ե՛ւ բակի բնակիչներին, ե՛ւ ակտիվ գործունեություն ծավալող կենդանասերներին:
Նրանց եւ ոստիկանության համատեղ ջանքերով գործ է հարուցվել, որով զբաղվում է քննչական կոմիտեն:
«Ալիք Մեդա»-ի հետ զրույցում «Արեւը բոլորինն է» ՀԿ-ի նախագահ Լալա Պողոսյանը խոսեց թափառող կենդանիներին սպառնացող վտանգներից, իրավիճակը փոխելու տարբերակներից, ինչպես նաեւ ՀԿ-ի ծրագրերից:
Մեր կանոնադրական նպատակներից է նաեւ կենդանիների պաշտպանությունը։ Կազմակերպությունը ուսումնասիրում է մի կողմից թափառող կենդանիների խնդիրը եւ դրա լուծմանն առնչվող քաղաքականությունը, մյուս կողմից՝ ՀՀ-ում գործող օրենսդրական կարգավորումները, դրանց թերություններն ու բացերը։
Մեր կազմակերպությունը կատարում է նաեւ իրավաբանական վերլուծություններ, որոնք վերաբերում են կենդանիներին պահելու քաղաքային կանոններին, նրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագծին եւ այլն:
Կամավորներից եմ տեղեկացել այդ մասին: Շան մարմինը նրանք տեղափոխել էին աղբաման, որ փողոցի մեջտեղում չմնա: Եվ վճարել էին դատաբժշկական փորձաքննության համար, որի եզրակացությունը մեծ դժվարությամբ հնարավոր եղավ կցել գործին։ Կամավորներից մեկը դիմել էր ոստիկանություն, որոշ ժամանակ անց ես էլ միջնորդություն ներկայացրի, որ կարողանամ տեղեկանալ ընթացքից։ Միջնորդությունը սկզբում չէին ընդունում ոստիկանությունում, եւ միայն մեր ՀԿ-ի իրավաբանի միջամտությունից հետո ընդունեցին: Ինձ տեղյակ չեն պահել անգամ, որ գործն այժմ քննչական կոմիտեում է:
Եթե հասարակ քաղաքացիները չունեն իրավաբան, նրանց համար շատ դժվար կլինի ճիշտ արձագանքել իրավապահ մարմինների հետ շփվելու ընթացքում առաջացած խոչընդոտներին։
2019-2022 թվականների ընթացքում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ 39 հաղորդումից դատարան է ուղարկվել միայն հինգը, դատաքննության փուլում կարճվել է չորսը։ Անհասկանալի է, թե ինչու են այս գործերը անուշադրության մատնված։
Մեր տարածքի բակերում շների, կատուների համար տնակներ ենք տեղադրում, դրանք ապահովում ենք տեսահսկման համակարգով, կազմակերպում ենք կենդանիների բուժօգնությունը, որդեգրելու դեպքում՝ ստերջացումը, փորձում ենք կարգավորել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի եւ կամավորների համագործակցությունը, իրազեկում ենք քաղաքացիներին եւ այլն։
10 պիլոտային բակերի փորձով քաղաքապետարանին առաջարկում ենք սփռված, բացօթյա կացարանի նախագիծը։ Իսկ իրավական վերլուծությունները հնարավորություն են տալիս ձեւակերպելու առաջարկություններ եւ ուղղելու դրանք համապատասխան ատյաններին՝ քաղաքապետարանից՝ ԹԿՎԿ-ից, մինչեւ խորհրդարան։
Մի շարք առաջարկությունների թվում ՀՈԱԿ-ին ներկայացվել է թափառող կենդանիների հետ աշխատող կամավորների հետ պայմանագրի նոր տարբերակ։ Առաջարկում ենք օրենսդրության մեջ նոր կարգավիճակ ավելացնել, որի շրջանակում հստակ կձեւակերպվեն խնամակալի պարտականությունները եւ իրավունքները։
Փորձում ենք ուսումնասիրել՝ հնարավոր է արդյոք ԹԿՎԿ ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխություններ առաջարկել, որպեսզի կառույցը լիարժեք կարողանա տեր կանգնել իր տնօրինության տակ գտնվող թափառող կենդանիներին։
ՀՈԱԿ-ի ռեսուրսները կարող են ծառայել նաեւ կենդանիների համար շտապ օգնության ծառայության ստեղծմանը, կորած կենդանիներին փնտրելուն եւ այլն։ Ակտիվ կամավորները եւ ՀԿ-ները կարող են միջնորդ լինել հասարակության եւ ՀՈԱԿ-ի միջեւ։ Հասարակության այն հատվածի մասին է խոսքը, որոնք ցանկանում են օգնել թափառող կենդանիներին, պաշտպանել, խնամել նրանց եւ գիտակցում են իրենց պատասխանատվությունն ու իրավունքները։
Չկա կոնցեպցիայի, վերջնական նպատակի, այդ նպատակների իրական լինելու մասին ամբողջական պատկերացում։ Կարեւոր է ներգրավված միավորների (կամավորների, քաղաքապետարանի, այլ պետական եւ հասարակական կառույցների) գործունեության համակարգումը, իրար լրացնելը՝ այժմյան մրցակցության եւ ինքնահաստատման փոխարեն, առողջ շփումը՝ այսօր տիրող կոնֆլիկտային մթնոլորտի փոխարեն։
Մեր կազմակերպության կանոնադրական նպատակը քաղաքացի-իշխանություններ, քաղաքացի-պետական մարմիններ համագործակցության մշակույթի ձեւավորումն է։ Պաշտոնյաները պետք է սովորեն խոսել քաղաքացու հետ, քաղաքացիներն էլ պետք է սովորեն համագործակցել պետական կառույցների հետ: Եվ դա պետք է անել ոչ միայն հրապարակներում գոռալով, այլեւ իրենց իրավունքներից օգտվելով:
Օրինակ՝ կամավորների հետ պայմանագրի օրինակի մշակումը չպետք է վերածվի հերթական ձեւական գործընթացի. մեր առաջարկությունը քննարկվում է առանց մեր մասնակցության:
Ի վերջո թե՛ քաղաքացիները, թե՛ պետական մարմինների ներկայացուցիչները պետք է հասկանան՝ եթե մենք, ըստ մեր Սահմանադրության, կառուցում ենք քաղաքացիական հասարակություն, ապա պետք է ձեւավորենք իրար հետ բանակցելու, իրար լսելու, խնդիրները միասին քննարկելու, համագործակցելու մշակույթ։