ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ աշխատանքային այցով Չեխիայում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Չեխիայի իր գործընկեր Յան Լիպավսկին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման գործընթացների շուրջ։
«Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական հայտարարությունները խաթարում են այդ գործընթացների առաջմղմանն ուղղված ջանքերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր, անդրադարձել ԼՂ հակամարտությանը եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակին։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումն ու ջանքերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ:
Բարձրացրել է ռազմագերիների ազատ արձակման հարցը
ՀՀ արտգործնախարարը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորման հասնելու գործում։ Նա երախտագիտություն է հայտնել չեխական կողմին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին եւ դերակատարությանը շարունակական աջակցության համար։
ՀՀ արտգործնախարարը նշել է, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումից մոտ երկու տարի անց հումանիտար խնդիրները մնում են չլուծված։ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։
ՀՀ արտգործնախարարը մտահոգություն է հայտնել նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման քաղաքականության կապակցությամբ՝ միջազգային հանրությունից ակնկալելով հասցեական արձագանք եւ գործնական քայլեր։
«Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից եւ ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության եւ զարգացման»,- նշել է նախարարը։
Չեխիան հարգում է միջազգային մարդասիրական իրավունքն ու Ժնեւի կոնվենցիաները
Ըստ «Արմենպրես»-ի, պատասխանելով «ի՞նչ է անում Չեխիան Ադրբեջանում ապօրինաբար պահվող 38 հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների վերադարձը դյուրացնելու համար» հարցին, Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հայտարարել է, որ Պրահան հարգում է միջազգային մարդասիրական իրավունքն ու Ժնեւի կոնվենցիաները եւ նույնն ակնկալում նաեւ այլ երկրներից:
Լիպավսկին հավելել է, որ Չեխիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությանը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։ Յան Լիպավսկին կարծում է, որ Միշելը շատ կարեւոր դեր է խաղում այդ հարցում։
Միրզոյանը Պրահայում հանդիպում է ունեցել նաեւ Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ: Այցի շրջանակում քննարկվել են հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցեր: Քննարկվել են նաեւ հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։