Ըստ բրիտանական Telegraph պարբերականի՝ երբ 2023-ի սեպտեմբերին Յենս Ստոլտենբերգը լքի պաշտոնը, Մեծ Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը։
Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամներն աջակցում են Ջոնսոնի թեկնածությանը՝ նշելով, որ վարչապետը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Ուկրաինայում տիրող իրավիճակում միջազգային կոալիցիա ստեղծելու հարցում նրա դերակատարության շնորհիվ։ Ուկրաինայում, այսպես կոչված, «հատուկ գործողության» պատճառով Ջոնսոնը հայտնվել է Արեւմուտքի հակառուսական քաղաքական եւ տնտեսական արշավի կենտրոնում։ Բացի դրանից՝ Brexit-ի նախկին նախարար Դեյվիդ Ջոնսը նշել է, որ հենց Բորիս Ջոնսոնն է ազդել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշման վրա։
Ըստ պարբերականի՝ բրիտանացիների թեկնածությունները վաղուց են դիտարկվում դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Բանն այն է, որ ԱՄՆ-ը նման պաշտոնի համար առնաձնապես չի վստահում Եվրամիության թեկնածուի։ Պարբերականը հավելում է, որ Մեծ Բրիտանիային վստահում են նաեւ մերձբալթյան երկրները։
Մեծ Բրիտանիայի պառլամետի պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ, պատգամավոր Ռիչարդ Դրաքսը նշել է, որ ցանկացած նշանավոր բրիտանացի հիանալի ընտրություն կլիներ։ Նա հավելել է, որ եթե Բորիս Ջոնսոնն իսկապես ուզում է գնալ այդ քայլին, ինքն անշուշտ կաջակցի նրան: Կոմիտեի մեկ այլ անդամ` Մարկ Ֆրանսուան, նույնպես հայտարարել է, որ հավանություն կտար Ջոնսոնի թեկնածությանը։ Ըստ նրա` բրիտանացի քաղաքական գործչին կաջակցեր նաեւ Վլադիմիր Զելենսկին։
Այնուամենայնիվ, պարբերականը նշում է, որ ոչ բոլորն են այդչափ բարեհաճ Ջոնսոնի թեկնածության նկատմամբ։ Մասնավորապես, մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար, գեներալ Ռիչարդ Դաննաթը հայտարարել է, որ չէր աջակցի Ջոնսոնին վերջինիս բնավորության պատճառով։ Մեծ Բրիտանիայի պսշտպանության նախարարության ոմն բարձրաստիճան պաշտոնյա եւս կասկած է հայտնել Ջոնսոնի հաջողության վերաբերյալ՝ ենթադրելով, որ Ֆրանսիան բրիտանացու թեկնածությանը դեմ կքվեարկի։
«Բանն այն է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները միաձայն որոշմամբ են նշանակվում։ Ցանկացած երկիր կարող է վետո կիրառել։ Կարծում եք՝ նախագահ Մակրոնը Բորիս Ջոնսոնի թեկնածությունը կառաջադրե՞ր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Դա մարտահրավեր է բրիտանացու համար։ Անհրաժեշտ է ԱՄՆ-ի աջակցությունը, եւ որ ֆրանսիացիները համաձայնություն տան»,- ընդգծել է պաշտոնյան։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշվել է մեկ տարով երկարաձգել Հյուիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի առաջնորդները Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում համաձայնեցրել են իր լիազորությունների ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով:
Նորվեգիայի նախկին վարչապետ, մասնագիտությամբ տնտեսագետ Ստոլտենբերգը փետրվարին ընտրվել էր Նորվեգիայի կենտրոնական բանկի նախագահ, եւ ակնկալվում էր, որ նա պարտականություններն իր նոր պաշտոնում կսկսի կատարել դեկտեմբերի 1-ից։ Սակայն ՆԱՏՕ-ն մարտի վերջին հայտարարել է, որ Ստոլտենբերգը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում կմնա մինչեւ 2023-ի սեպտեմբերի 30-ը։