«Քրեակատարողական բժշկության կենտրոնի» Բուժօգնության կազմակերպման, սպասարկման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը հայտնել է, որ Հայաստանի տարածքում գործող տասը քրեակատարողական հաստատություններում ընդհանուր առմամբ 2300 պահվող անձ կա։
Ըստ Բաբայանի՝ բանտարկյալներից 676-ը կամ 35%-ը խրոնիկ հիվանդություններ ունի։ Տարածվածությամբ առաջին տեղում են սրտանոթային համակարգի, երկրորդ տեղում են աղեստամոքսային հիվանդությունները: Նա նշել է, որ հեպատիտ C հիվանդությունից տառապում է 330 բանտարկյալ: Նրանցից 77-ը բուժում է ստանում, իսկ 30%–ը բուժման կուրսը օգոստոսի կեսին կավարտի։
Պաշտոնյան հավելել է, որ քայլեր են ձեռնարկվում ՔԿՀ–ներում հիվանդությունների տարածումը նվազագույնի հասցնելու համար, որպեսզի մինչեւ 2025 թվականը նման դեպքերի թիվը զրոյացվի։
Նաիրա Բաբայանը պարզաբանել է, որ յուրաքանչյուր բանտարկյալ ՔԿՀ ընդունվելիս բուժզննում է անցնում` արտաքին զննություն, ԷՍԳ, որովայնի հատվածի ՈՒՁՀ, ստուգվում են ճնշումը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ այլն։ Բացի դրանից՝ բանտարկյալներն ամեն տարի բուժզննում են անցնում: Վերոնշյալին գումարվում են մի շարք, դրանց թվում` արյան հետազոտություններ։ Հիվանդության բացահայտման դեպքում բուժառուն լրացուցիչ հետազոտություններ է անցնում։
2021-ի տվյալներով՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 2142 անձ, որոնցից 965–ը դատապարտյալ է, 86-ը` ցմահ դատապարտյալ, 1177–ը` կալանավոր։