Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ Իրանն այս տարվա մարտից մինչեւ ապրիլ գազի արտահանումից մոտ 4 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել։
Իրանի վառելիքի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ 1401 թվականի (2022-ի մարտի 21-ից մինչեւ 2023-ի մարտի 21-ը) բյուջեում բնական գազի արտահանումից նախատեսված է շուրջ 4 միլիարդ դոլարի եկամուտ, եւ այս տարվա առաջին 4 ամսում Իրանը կատարել է այդ ոլորտում բոլոր առաջադրանքները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Գազպրոմը» եւ իրանական National Iranian Oil Company-ն (NIOC) կուսումնասիրեն Իրանի հանքավայրերի մշակման, հեղուկացված բնական գազին առնչվող նախագծերի իրականացման եւ մայրուղային գազատարների կառուցման շուրջ համագործակցության հնարավորությունները:
Նախօրեին տնտեսական հարցերով Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ահսան Խանդուզին հայտնել էր, որ նավթի արտահանումից Իրանի եկամուտներն ընթացիկ տարվա վերջին չորս ամսում ավելացել են 580%-ով: