Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին ստացել է Ունիսթոն Չերչիլի մրցանակը: Կառավարության թվիթերյան գրառման մեջ նշվել է, որ Ուկրաինայի նախագահն այդ պատվին է արժանանում Պուտինի բարբարոսական ներխուժման դեմ անհավանական քաջություն, անհնազանդություն եւ արժանապատվություն դրսեւորելու համար:
«Չերչիլի միջազգային ընկերությունն» էլ նշել է, որ Զելենսկին պատերազմի ժամանակաշրջանում դրսեւորել է ակնառու առաջնորդի որակներ, որոնք բնորոշ էին Ուինսթոն Չերչիլին: Այդ պարգեւին են արժանացել Ուելսի արքայազն Չարլզը, վարչապետներ Մարգարետ Թետչերը, Ջոն Մեյջորը, Միացյալ Նահանգների պետքարտուղարներ Մադլին Օլբրայթը եւ Ջեյմս Բեյքերը:
Պարգեւը շնորհելու մասին հեռավար կարգով հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը տելեգրամյան ալիքում գրել է, թե Զելենսկին չէր ստանա պարգեւը, եթե ազատությունը բռնակալությունից պաշտպանելու համար Ուկրաինայի ժողովուրդը ոտքի չկանգներ:
Արարողությանը տեսակապով մասնակցող Զելենսկին կոչ է արել շարունակելու օգնության տրամադրումն Ուկրաինային եւ սաստկացնելու Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Նույն օրը հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Չեչնիայի նախագահ Ռազման Կադիրովն էլ արժանացել է «Ալեքսանդր Նեւսկու» անվան շքանշանին: Ըստ Կադիրովի՝ ինքն այդ շքանշանն է ստացել Չեչնիայի զարգացման գործում ներդրման համար:
Կադիրովը հավելել է, որ հետայսու կշարունակի «անձնուրաց ծառայել հանրապետությանը»: Կադիրովը նշել է, որ իր համար մեծ պատիվ է նախագահ Պուտինի կողմից այդ շքանշանին արժանանալու հանգամանքը: