Գյումրիում դժվար է գտնել մեկին, որին ծանոթ չէ քաղաքին վառ երանգ հաղորդող կարմիր թերթը՝ «Շրջապատը»:
Քաղաքի կրպակներում եւ խանութներում «Շրջապատ» ժամանցային-լրատվական շաբաթաթերթի առաջին տպաքանակը հայտնվեց շուրջ երկու տասնամյակ առաջ: «Մի քանի ժամ անց պարզվեց, որ թերթի ամբողջ խմբաքանակը՝ 500 օրինակն էլ սպառվել է»,- հիշում է թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Սյուզի Մեխակյանը:
Հաջողությունից ոգեշնչված՝ հաջորդ շաբաթ թերթը տպագրում են ո՛չ կրկնակի, ո՛չ էլ եռակի, այլ վեցապատիկ տպաքանակով:
«Մնալ սկզբունքային եւ լինել հասարակությանն ու իշխանությանը կապող օղակ, ապահովել բազմակարծություն՝ անկախ հանգամանքներից, նպատակ ունենալ լինելու ոչ թե դիմադիր կամ ընդդիմադիր, այլ չկտրվելով իրականությունից՝ վեր հանել օրվա խնդիրները»,- ասում է խմբագիրն ու հպարտորեն փաստում, որ երկու տասնամյակի հեռվից չի հիշում դեպք, երբ դավաճանած լինի որդեգրած սկզբունքներին:
Դաշտում մենակ չլինելով՝ «Շրջապատը» կարողացավ հավաքել հավատարիմ ընթերցողների մեծ բանակ: Եղել է, որ մինչեւ 5000 տպաքանակ է վաճառվել քաղաքում: Ընթերցողը սպասում էր թերթի հոդվածաշարերին, իրական պատմություններին, հայտնիների հուշերին, օգտակար խորհուրդներին, մարզական, տնտեսական, քաղաքական վերլուծություններին: Ամենասպասվածներից էր ծննդատանն արված նորածինների առաջին լուսանկարների շարքը: Երեխաների անուն-ազգանուններով առաջին պաշտոնական լուսանկարները ոգեւորում էին ծնողներին եւ հարազատներին, իսկ ովքեր դեռ չէին հասցրել տեսնել իրենց նորածին երեխային, վազում էին մոտակա կրպակ՝ «Շրջապատում» նրա լուսանկարը գտնելու:
Ժամանակի հետ փակվեցին Գյումրիում գործող ժամանցային, լրատվական բոլոր թերթերի խմբագրությունները: Վերջին մի քանի տարում «Շրջապատը» Գյումրիում միակ տպագրվող շաբաթաթերթն է՝ խիստ նվազած՝ 1000 տպաքանակով: «Դեռ դիմանում ենք»,- ասում է խմբագիրը: Համաձայն է այն դիտարկմանը, որ թերթն այլեւս արդիական չէ, բայց ցավ է ապրում, որ ավանդական մշակույթ է վերանում: «Սա մշակույթի մաս է, որը պետք է պահպանել: Եթե խնդիրը դիտարկենք համաշխարհային մակարդակով, մի՞թե զարգացած եւ զարգացող երկրներում համացանց եւ նոր տեխնոլոգիաներ չկան: Կա՛ն, բայց թերթն իր տեղը չի զիջում համացանցին, քանի որ պետական քաղաքականություն են վարում այս ուղղությամբ: Պետությունն իր պարտավորությունն է համարում հատուկ մշակված ռազմավարությամբ պահպանել «թերթի» մշակույթը:
Մեխակյանը պատմում է, որ բազմաթիվ անգամներ դիմել է պետական աջակցության ծրագրերին, բայց մերժվել է: «Անցած շաբաթ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին եմ դիմել. «Դրամաշնորհներ եք հայտարարում հեռուստատեսության, լրատվամիջոցների համար, ինչո՞ւ մենք չենք կարող օգտվել դրանցից, ինչո՞ւ եք զրկում մեզ գոյատեւելու վերջին հնարավորություններից»: Պատասխան չստացա»:
Մեխակյանը դիմում է նաեւ մարզային իշխանությանը, կոչ անում, որ մարզպետարանը եւ քաղաքապետարանը քաղաքում բազմապրոֆիլ վերջին թերթի վերջին էջի փակվելու լուռ վկան չդառնան. «Թերթն ինձ համար այլեւս բիզնես չէ, շահույթ չի հետապնդում, այն պետք է պահել որպես քաղաքի կոլորիտի մաս: Պարզապես ամոթ է, որ մշակույթի քաղաքում թերթ չհրատարակվի»:
Թերթի սեփականատերը վստահեցնում է՝ քանի դեռ կրպակում «Շրջապատ» հարցնող կա, իրենց պարտքն են համարում նույն սիրով աշխատել: «Պատասխանատվություն եմ զգում մեր երկար տարիների ընթերցողի առաջ: Բայց եթե այսպես շարունակվի՝ առանց պետական քաղաքականության, ես էլ ստիպված կլինեմ…»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։