Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) բարձրաստիճան պաշտոնյա Քեթի Լիդերսը հայտնել է, թե «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ներկայացուցիչները ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ Ռուսաստանը կշարունակի մասնակցել Միջազգային տիեզերական կայանի նախագծին, քանի դեռ ռուսական ուղեծրային կայանը չի գործարկվել։ Այսպիսով ռուս տիեզերագնացները կշարունակեն աշխատել կայանում առնվազն եւս վեց տարի։
«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Յուրի Բորիսովը հուլիսի 26-ին հայտարարել էր 2024-ին Միջազգային տիեզերական կայանից հեռանալու Մոսկվայի մտադրության մասին: Նա ընդգծել է, որ «Ռոսկոսմոսի» գլխավոր առաջնահերթությունը ռուսական ուղեծրային կայան ստեղծելն է։ Բորիսովը Միջազգային տիեզերական կայանից հեռանալու նպատակահարմարության մասին հայտարարել է դեռեւս ռազմարդյունաբերական համալիրի հարցերով փոխվարչապետի պաշտոնում։ Վլադիմիր Պուտինը նրան «Ռոսկոսմոսի» ղեկավար է նշանակել հուլիսի 15-ին՝ Դմիտրի Ռոգոզինին այդ պաշտոնից հեռացնելուց հետո:
Հրթիռա-տիեզերական «Էներգիա» կոորպորացիան եւս մոտավորապես երկու տարի առաջ ասել էր, որ հարկ կլինի հեռանալ միջազգային կայանից, քանի որ 2025-ից սկսած կայանի շատ դետալներ կսկսեն արագորեն դուրս գալ շարքից։
Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի տիեզերական գործակալությունները Միջազգային տիեզերական կայանում սերտորեն համագործակցել են ավելի քան երկու տասնամյակ: Հուլիսի սկզբին ռուսական կողմն ու ՆԱՍԱ-ն պայմանավորվել էին շարունակել տիեզերագնացների թռիչքները դեպի կայան՝ կայանի անխափան աշխատանքն ապահովելու համար այնտեղ մշտապես մեկական ռուս եւ ամերիակացի տիեզերագնաց ունենալով:
Միջազգային տիեզերական կայանը կառավարվող ուղեծրային կայան է: Նախագծին մասնակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ճապոնիան եւ 11 եվրոպական երկրներ։ ՆԱՍԱ-ն ցանկանում է Եվրոպայի, Ճապոնիայի եւ Կանադայի տիեզերական գործակալությունների հետ համատեղ միջազգային կայանը պահել մինչեւ 2030-ը։
Ավելի վաղ ՆԱՍԱ-ն հայտարարել էր, որ ուղեծրում Միջազգային տիեզերակայանի սպասարկումն առանց ռուսական օգնության իրականացնելու եղանակներ է մշակում։ Ուկրաինա ներխուժման պահից ի վեր եւ Արեւմուտքի պատժամիջոցներից հետո ռուսաստանյան պաշտոնատար անձինք սկսել են աշխարհին վախեցնել, որ առանց ռուսական օգնության Միջազգային տիեզերակայանը կարող է գահավիժել եւ ընկնել Երկիր մոլորակի վրա։