Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Միացյալ Նահագների Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ նախկին ներկայացուցիչներ մտադիր են հիմնել քաղաքական կուսակցություն, որը, նրանց մտահղացմամբ, պետք է դառնա երրորդ քաղաքական ուժը ԱՄՆ-ում:
Կուսակցության հիմնադիրները հույս ունեն, որ իրենց քաղաքական միավորումը կդառնա հանրապետականների եւ դեմոկրատների կենսունակ կենտրոնամետ այլընտրանք, որի ստեղծման մասին, ըստ իրենց, տենչում են ռեկորդային թվով ամերիկացիներ:
Ամերիկյան նորաթուխ, դեռեւս պաշտոնապես չգրանցված կուսակցությունը ստացել է Forward («Հառաջ») անվանումը: Կուսակցության նախագահներ կդառնան գործարար եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Էնդրյու Յանգը եւ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիստին Թոդ Ուիթմանը:
Կուսակցության ստեղծողներն իրենց հիմնական նպատակներն են համարում նոր կյանք ներշնչելն արդարացի, բարգավաճող տնտեսությունում, ամերիկացիներին քվեարկության ժամանակ ավելի լայն ընտրության հնարավորություն ընձեռել եւ ավելի մեծ վստահություն առաջացնել գործող կառավարության հանդեպ:
Կուսակցության մեկնարկային բյուջեն կկազմի 5 միլիոն դոլար: Նոր քաղաքական միավորումը մտադիր է ավարտել գրանցումը եւ 2024-ին հանրապետականների ու դեմոկրատների հետ մասնակցել ընտրություններին բոլոր 50 նահանգներում: