Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հուլիսի 28-ին տեղեկություն է ստացել, որ Դեբեդ գետում արտադրական աղտոտման հետքեր են նկատվել։
Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների ընթացքում պարզվել է, որ հուլիսի 27-ին՝ 23։30-ի սահմաններում, «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թիվ 3 թունելում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով առաջացել է արտահոսք դեպի Դեբեդ գետ։
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը պարզվում է։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Վթարը վերացվել է հուլիսի 28-ին՝ 14։00-ին։
Ավելի վաղ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդ գետի առափնյա Պտղավան եւ այլ գյուղի ֆերմերները ահազանգել են, որ առավոտվա 4:00-ից գետը ստացել է մոխրագույն երանգ, եւ ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ։ Գյուղացիները չեն կարողացել ոռոգել իրենց այգիները։ Դրա մասին տեսանյութ էր տարածել ֆեյսբուքյան օգտատեր Օլեգ Դուրգարյանը: