ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների Հանրապետության արտգործնախարար Աբդուլա Շահիդի հետ:
Գործընկերները քննարկել են տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հարցեր։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի առաջնահերթություններից է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, որը ներառում է նաեւ ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արժանապատվության պաշտպանությունը։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման, մասնավորապես հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Միրզոյանը շեշտել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցների տեղում անարգել ներգրավվածության կարեւորությունը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
Այցի շրջանակում Աբդուլա Շահիդը նաեւ հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԳՆ կին դիվանագետների հետ, որի ընթացքում կարեւորվել են կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ապահովումը եւ կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ քայլերի իրականացումը:
Ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահին
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են նաեւ, որ Արարատ Միրզոյանը հուլիսի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան: