Ավանի վարչական շենքի դահլիճը վաղուց լեփ-լեցուն չէր եղել: Թաղամասի բնակիչները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողները եւ այլ հետաքրքրված անձինք ամառվա տապին թաղապետարան էին եկել՝ մասնակցելու հանրային լսումներին եւ իրենց դիրքորոշումը հայտնելու թաղամասում ձուլարան կառուցելու նախագծի վերաբերյալ:
«ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ն հաստատակամ է Ավանում ձուլարան կառուցելու հարցում
Վերջինիս ներկայացրած նախորդ նախագծին շրջակա միջավայրի նախարարությունն անցած տարվա հոկտեմբերին բացասական եզրակացություն էր տվել՝ հաշվի առնելով թե՛ բնակիչների բացասական դիրքորոշումը, թե՛ հնարավոր բնապահպանական վնասները շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա:
Այն ժամանակ ընկերությունը մտադիր էր տարեկան 1800 տոննա մետաղ ձուլել: Ընկերությունը հարցում է անցկացրել բնակչության շրջանում, դրական արձագանք ստացել, որից հետո վերանայել է հարցը եւ ձուլարան կառուցելու նոր հայտ ներկայացրել, այս անգամ տարեկան 900 տոննա ծավալով: Այս մասին տեղեկացրեց ընկերության ներկայացուցիչը:
Նոր նախագծի նախնական գնահատման հայտի հանրային լսումների առաջին փուլը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին: Այսօր լսումների երկրորդ փուլն էր:
Եթե նախորդ նախագծում խախտվում էր սանիտարական գոտին, որը պետք է լիներ առնվազն 500 մ, ապա նվազ՝ 900 տ արտադրական ծավալի դեպքում սանիտարական գոտին 300 մ է: Բայց հաշվի առնելով, որ 284 մ հեռավորության վրա կա հիվանդանոց, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագիծը մշակող ընկերությունը դիմել է առողջապահության նախարարությանը, ներկայացրել արտանետումների տվյալները յուրաքանչյուր 50 մ ազդեցության գոտու համար եւ ստացել նախնական համաձայնություն առողջապահության նախարարությունից:
«Քանի որ այստեղ դեղագործական արտադրություն կա, Ֆլեշի պահեստները, անգամ շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցությունն ենք հաշվարկել»,- ասաց ՇՄԱԳ նախագծի մշակող Հովհաննես Նիկողոսյանը:
Ավանի բնակիչ Հովհաննես Ավետիսյանը հարցրեց՝ արդյոք չափումներն անցել են անկախ փորձաքննություն, լաբորատոր հետազոտություն: Պարզ դարձավ, որ ոչ. դրանք կատարվել են ստանդարտ նորմերի վրա հիմնված հաշվարկային մեթոդով:
Ավետիսյանը կասկած հայտնեց չինական սարքավորումների վերաբերյալ՝ պնդելով, որ դրանք երբեւէ չափանիշներով չեն աշխատում, ուստի դրանց անձնագրերի տվյալները չեն կարող հիմնավոր լինել հաշվարկների համար:
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանը առաջարկեց, որ համայնքը նախնական համաձայնություն տա, ՇՄԱԳ հաշվետվություն պատրաստեն, հստակ տվյալներ ներկայացնեն ազդեցության վերաբերյալ, նոր որոշեն՝ ձուլարանը լինի, թե ոչ:
Մինչ այդ քննարկման ընթացքին լուռ հետեւող «Ծարավ Աղբյուր» նորակառույց թաղամասի բնակիչները որոշեցին խոսել:
«Ծարավ Աղբյուր»-ի համատիրության խորհրդի անդամ Գարիկ Բադալյանը, հանդես գալով թաղամասի 5000 բնակիչների անունից, ասաց, որ իրենք հենց այս թաղամասում են բնակարան գնել՝ հաշվի առնելով միայն ու միայն էկոլոգիական բարվոք վիճակը:
«Կարող էինք Պարույր Սեւակի փողոցի նախագծից բնակարան գնել, բայց նախընտրել ենք այս վայրը՝ զուրկ ենթակառուցվածքներից. չկան դպրոց, մանկապարտեզ, հանրային նշանակության այլ օբյեկտներ: Եթե ձուլարանը կառուցվի, խախտվելու է էկոլոգիան՝ այստեղ ապրելու միակ պատճառը»,- նշեց նա:
Բնակիչներն իրենց ուժերով բարեկարգել են թաղամասը, ստեղծել էկոլոգիական տեսանկյունից նախանձելի պայմաններ: Չնայած ավտոկայանատեղիների սղությանը՝ 5% անգամ կանաչ տարածք չեն զիջում խնդրի լուծման համար: Քաղաքապետարանին 10 միլիոն դոլարին համարժեք գույքահարկ են վճարում 0 դրամ ծախսի դիմաց:
Տարիներ առաջ բնակարանները գնել են 1 քմ-ը 500 դոլարին համարժեք դրամով, ներկայում իրենց սրտացավության ու հետեւողականության, էկոլոգիական վիճակը բարելավելու շնորհիվ բնակարանների գինը եռակի աճել է: Մինչդեռ ձուլարանի տեղադրման դեպքում մեծ կորուստներ կկրեն նաեւ բնակարանների գնի անկման հետեւանքով:
Բնակիչները մտավախություն ունեն, որ արտադրական ծավալն արհեստականորեն է իջեցված՝ դրական եզրակացություն կորզելու համար: Տեղեկացրին նախաձեռնողներին, որ եթե հանկարծ հաջողեն գործը մեկնարկել, իրենց՝ բնակիչների միջոցներով օդի մշտադիտարկման սարքեր են տեղադրելու եւ հետեւողական են լինելու: Միաժամանակ հույս հայտնեցին, որ բանը դրան չի հասնի, քանի որ «Ծարավ Աղբյուր» նորակառույց թաղամասի բնակիչների դիրքորոշումը մեկն է՝ ձուլարան նշված վայրում չի լինելու:
«Երեւան քաղաքի օդը ծայրահեղ աղտոտված է, շնչել չի լինում, աղտոտման նոր աղբյուր չպետք է ավելանա»,- նշեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ, որ քննարկմանը ներկա էր որպես Ավանի բնակիչ, խորհուրդ տվեց հետեւել բնակիչների հորդորին, վաճառել իրենց պատկանող տարածքը, քաղաքից հեռու ավելի էժան հող գնել եւ այնտեղ ծավալել նախատեսվող գործունեությունը: «Ավելորդ էներգիա եւ ժամանակ մի՛ ծախսեք, բնակիչները դեմ են, պայքարելու ենք, որ չլինի ձուլարանը»,- ասաց նա:
Բնակիչներն առաջարկեցին, որ ձեռք բարձրացնեն ձուլարանին կողմ արտահայտվողները, որոնց անունները ցուցակագրել է ձեռնարկությունը: 100 հոգուց ներկա էր մեկը՝ Էրիկ Չարչյանը: Քննարկմանը ներկա մյուս բնակիչները դեմ արտահայտվեցին նախագծին: Նրանք չցանկացան անգամ մանրամասներին տեղեկանալ, տեսնել ձեռնարկողի պատրաստած տեսասահիկն ու լուսանկարները:
Վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը եզրափակիչ խոսքում ասաց, որ իրենց համար ավանցիների կարծիքը չափազանց կարեւոր է եւ հաշվի են նստելու բնակիչների տեսակետի հետ:
Կրքերը չէին հանդարտվում: Քննարկումը շարունակվեց նաեւ թաղապետարանի շենքից դուրս:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։