Մարտիրոսի որոշ տներում պատերի ճաքերն այնքան լայն են, որ տնից հնարավոր է հետեւել՝ բակում ինչ է կատարվում: Վայոց ձորի սահմանամերձ գյուղում 4-րդ աստիճանի վնասվածության վթարային 24 տուն կա:
Գյուղը մի քանի տարի եղել է Զառիթափ համայնքի, 2021-ի վերջից էլ՝ Վայք խոշորացված համայնքի բնակավայր: Այդ բոլոր տարիներին գյուղացիներն ամենատարբեր խոստումներն են լսել փոխհատուցումների վերաբերյալ:
Բնակավայրի վարչական ղեկավար Խալաթ Սողոմոնյանն ասում է՝ դեռ 1988-ի երկրաշարժից հետո են տարբեր կառույցներից այցելել գյուղ, ստուգել տների սեյսմակայունությունը, արձանագրել, որ շատ տներ չեն համապատասխանում նախատեսված չափանիշներին: «2000-ականներին մոտ 10 նոր տուն է կառուցվել Կառավարության ֆինանսավորմամբ, տրվել ընտանիքներին, մյուսներն այդպես էլ մնացել են»,- ասում է վարչական ղեկավարը:
Որոշ տներում ապրել հնարավոր է, միայն թե երկրաշարժի դեպքում հետեւանքներն անդառնալի կարող են լինել: 4-րդ կարգի վթարային 24 տներից 4-ի վիճակն է շատ վատ: Յուրաքանչյուրում երկուական բնակիչ է ապրում, հույս ունեն՝ գոնե այդ տների փոխարեն Կառավարությունը նորերը կկառուցի:
Երկու մասից՝ հին ու նոր գյուղերից բաղկացած Մարտիրոսը սողանքային գոտում է: Ժամանակին հենց այդ պատճառով են ընտանիքները հին գյուղից նոր գյուղ տեղափոխվել, սակայն նորում էլ սողանքներ լինում են: Հստակ արձանագրված չէ, որ հենց դրանց պատճառով են տների պատերը ճաքում, քանդվում, սակայն գյուղացիների պնդմամբ այլ բացատրություն չկա:
Մհեր Հակոբյանի ընտանիքը մի քանի տասնամյակ ապրում է ճաքող պատերով տանը: Վաղուց են սովորել, որ ամեն ավտոմեքենայի անցնելուց պատը պիտի շարժվի, հողն ու փոշին տուն լցվեն: Դեպք են հիշում, թե ինչպես է քարը պատից պոկվել ու ընկել սենյակ, որտեղ մանկահասակ երեխան էր խաղում:
Հարեւան Վարդանյանների տանն էլ մի քանի սենյակներ բնակվելու համար պիտանի չեն, ստիպված որպես պահեստ կամ ցախանոց են օգտագործում: Պատշգամբում լվացքի պարանը վաղուց չեն օգտագործում, վտանգավոր է:
Ընտանիքի 86-ամյա պապիկն առողջության խնդիրներ ունի, օրն անկողնում է անցկացնում: Վախենում են՝ մի երկրաշարժ կամ ցնցում լինի, ինչպե՞ս պիտի հասցնեն տնից դուրս գալ: Ուժեղ քամի, թեթեւ երկրաշարժ կամ ամպի որոտ. ամեն ինչ մաշկի վրա են զգում:
Ընտանիքները սեփական միջոցներով տները վերանորոգել չեն կարող: Նախ՝ հնարավոր է պատճառն իսկապես սողանքը լինել, եւ աշխատանքն անիմաստ ստացվի, հետո էլ՝ գյուղի աշխատանքով դժվար է ե՛ւ ընտանիք պահել, ե՛ւ շինարարություն անել:
Պետության աջակցությունից էլ հույսները կտրել են: Անգիր գիտեն թե՛ խոստումները, թե՛ հաջորդ այցելության ժամկետը: Ընտրությունից ընտրություն գալիս են, լուսանկարում, լսում գյուղացիների դժգոհություններն ու հեռանում: Վերջին անգամ էլ Վայքի խոշորացման ընտրություններին՝ 2021-ի դեկտեմբերին են եկել:
Բնակիչներն այնքան են սովորել տան պատերը ցույց տալուն, որ լուսանկարչի հմտությամբ ցուցադրում են՝ ո՛ր անկյունից նկարել, որ կադրը լավ ստացվի: Շատերն էլ արդեն հրաժարվում են խոսելուց կամ տների վիճակը ցույց տալուց: Հույս չունեն, թե որեւէ արդյունք կարող է լինել:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: