Ըստ The New York Times պարբերականի` ԱՄՆ Սենատը ընդունել է բանաձեւ, որով Պետական դեպարտամենտին կոչ է արել Ռուսաստանի Դաշնությունը ճանաչելու ահաբեկչությունը հովանավորող երկիր: Բանաձեւում, որն ընդունվել է միաձայն, ասվում է, որ Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում եւ Ուկրաինայում ահաբեկչական գործողությունների հովանավորը Ռուսաստանն է:
Նման բանաձեւի նախագիծ է շրջանառության մեջ դրվել նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, որի խոսնակ Նենսի Փելոսին մեծ հեղինակություն է վայելում Դեմոկրատական կուսակցությունում եւ, վերլուծաբանների համոզմամբ, հավանություն կտա նախագիծը քվեարկության ներկայացնելու առաջարկին:
Միայն Կոնգրեսի երկու պալատները չեն կարող այդ որոշումն ինքնուրույն ընդունել. ըստ գործող օրենքի՝ որոշումը պետք է ընդունի Պետդեպարտամենտը:
Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող երկիր ճանաչելու խնդրանքով դեռ մայիսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներին դիմել էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
Միացյալ Նահանգները ներկայում ահաբեկչությանը սատարող պետություններ է ճանաչել Սիրիան, Իրանը, Կուբան եւ Հյուսիսային Կորեան, որոնց հետ դիվանագիտական կապերը դադարեցվել են, եւ նրանց նկատմամբ կոշտ պատժամիջոցներ են սահմանվել: