ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ Կառավարությունը Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կսկսի 2022-ի օգոստոսին: Այն լինելու է այլընտրանքային ճանապարհ Լաչինի միջանցք կոչվող հատվածի համար։
Հունիսի 27–ին առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցք կոչվող հատվածում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել: Փոփոխությունը պետք է տեղի ունենա համաձայն 2020-ի նոյեմբերի 9/10-ի հայտարարության եւ 3 տարվա ընթացքում։
Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ հայկական կողմը սկսել է Լաչինը շրջանցող ճանապարհի նախագծման աշխատանքները:
Հայաստանն Արցախին կապող եւ Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհը Արցախ է մտնելու Սյունիքի Տեղ, Կոռնիձոր, Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով: