Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամներ Վահե Աղասյանը (55 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) եւ Գոռ Կարապետյանը (81 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Ձյուդոյի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր է մեկնել եւս 3 մարզիկ:
19 հայ մարզիկներ կպայքարեն 7 մարզաձեւերում
Պատանեկան օլիմպիական փառատոնում իրենց ելույթներն ավարտել են հեծանվորդները: Հայաստանը ներկայացրել են հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը եւ Նարեկ Դավթյանը:
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանն, ընդհանուր առմամբ, ներկայացված է 19 մարզիկով, որոնք կպայքարեն 7 մարզաձեւերում:
Պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը 2 ներկայացուցիչ կունենա աթլետիկա, 3 ներկայացուցիչ՝ սպորտային մարմնամարզություն, 2 ներկայացուցիչ՝ թենիս, 2 ներկայացուցիչ՝ բադմինթոն եւ եւս 2 ներկայացուցիչ՝ լող մարզաձեւերում: